Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը և Խորհրդի մյուս անդամները մասնակցել են սույն թվականի հունիսի 8-9-ը Երևանում տեղի ունեցած՝ Սահմանադրական դատարանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կազմակերպած «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին:
Ողջունելով ներկաներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը կարևորել է նման խորհրդաժողովների անցկացումը՝ նշելով, որ սա ևս մեկ հնարավորություն է՝ ոլորտում առկա խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց լուծման ուղիների շուրջ բովանդակային քննարկումներ ծավալելու համար:
«Քանի որ այսօր խոսքը դատական իշխանության անկախության մասին է, ես ցանկանում եմ առանձնացնել այդ անկախությունը պայմանավորող երեք հիմնական բաղադրիչ։ Առաջինը սահմանադրական, օրենսդրական հիմքերն են. արդյոք մեր Սահմանադրությունը և դատական իշխանության վերաբերյալ գործող սահմանադրական օրենքը բավարա՞ր են, որպեսզի մենք կարողանանք խոսել օրենսդիր և գործադիր իշխանության ճյուղերից դատական իշխանության անկախության մասին:
Երկրորդը ֆինանսական, սոցիալական բաղադրիչն է, քանի որ որքան էլ մենք բարձրաձայնենք, թե դատական իշխանությունն անկախ է, բայց եթե այն ապահովված չէ անկախ գործունեության նվազագույն ֆինանսական, նյութական հնարավորություններով և սոցիալական երաշխիքները նվազ են, ապա այդ իշխանությունը չի կարող երբևիցե անկախ լինել, և այն միշտ նայելու է կա՛մ աջ, կա՛մ ձախ՝ դիմողի, մեղադրյալի գրպանին և այլն»:
Դատական իշխանության անկախության ապահովման երրորդ կարևոր բաղադրիչը, ըստ Խորհրդի նախագահի պաշտոնակատարի, կազմակերպչական բնույթի խնդիրների լուծումն է. «Համակարգի մեջ չներգրավված անձանց, պաշտոնյաների տեսանկյունից կարող է թվալ, թե սա երրորդական-չորրորդական խնդիր է, բայց դրանք էական, լուրջ, նույնիսկ որոշիչ ազդեցություն ունեցող հանգամանքներ են թե՛ դատավորների գործունեության, թե՛ դատական ակտերի կայացման համար»:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը նաև անդրադարձել է դատավորների գերծանրաբեռնվածության խնդրին, ինչպես նաև դրա լուծման ուղղությամբ ԲԴԽ-ի ձեռնարկած կարգավորումներին:
Խորհրդի նախագահի պաշտոնակատարը կարևորել է նաև այն հանգամանքը, որ վերջին մեկ տարում դատավորների թեկնածուների ընտրության նպատակով անցկացված 6 մրցույթի թափանցիկության, հրապարակայնության շնորհիվ Խորհրդին է դիմել ավելի քան 335 անձ, ինչը նշանակում է, որ 1 թափուր տեղի համար հայտ ներկայացնողների թիվը 4-5 անգամ ավելին է, քան նախորդ տարիներին:
Քննարկման ընթացքում ելույթով է հանդես եկել նաև ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը: Նա նշել է, որ բոլոր այն երաշխիքները, որոնք վերագրվում են դատական իշխանությանը՝ անկախություն, անաչառություն, ապաքաղաքականացվածություն և այլն, դատավորին և դատական իշխանությանը վերաբերում են բացառապես այն դեպքում, երբ խոսքը ժողովրդավարական հասարակության մեջ գործող դատարանի և դատավորի մասին է․ «Իրավափիլիսոփայական իմաստով՝ դատաիրավական բարեփոխումների ծրագիրը պետք է ապահովի այնպիսի դատական իշխանության ստեղծում, որն ի զորու է ապահովել, որ բոլոր վեճերը, այդ թվում՝ ընտրական, իրենց վերջնական հանգուցալուծումը ստանան դատարանում, քանի որ եթե վեճը լուծում չի ստանում դատարանում, իսկ արդարությունը մարդուն հատուկ բնազդային պահանջմունք է, այն բավարարվելու է այս կամ այն կերպ»:
ԲԴԽ անդամը փաստել է, որ հանցանք կատարած անձին արադարացի պատասխանատվության ենթարկելը շատ կարևոր է ժողովրդավարական հասարակության տեսանկյունից. «Իրավունքի փիլիսոփայության մեջ այսպիսի հասկացություն կա, որ միայն արդարացի պատիժն է հասարակությանը հաշտեցնում հանցագործի հետ, և այս պահանջն ապահովելը ևս դատարանի գործառույթն է՝ առնվազն դատարանի առջև կանգնելու իմաստով:
Դատարանները պետք է ապահովեն ողջամիտ հեռանկար մեղավորների հայտնաբերման և պատժման համար»: Խորհրդի գիտնական անդամը նաև հավելել է, որ դատական իշխանությունը անթրոպոգեն, մարդու էությունը ձևավորող գործառույթ ունի. «Եթե մի փոքր գեղարվեստորեն ձևակերպենք, ապա կստացվի՝ ինչպես վեճերը լուծում ենք, այդպիսի քաղաքացի էլ ստանում ենք: Եթե, օրինակ, մենք գործատուի և աշխատակցի միջև ծագած վեճերը լուծելիս, որպես դատարան, անկախ փաստերից՝ միայն գործատուների իրավունքները պաշտպանենք, և աշխատակիցը միշտ պարտվի, ապա վերջում մենք ստանալու ենք միշտ քծնող, իր իրավունքների համար չպայքարող քաղաքացի»:
Դ. Խաչատուրյանն անդրադարձել է նաև դատաիրավական բարեփոխումների երեք հիմնասյուններից մեկին՝ դատավորների անխոցելիությանը. «Ինչքան էլ դու երաշխիքներ ապահովես, աշխատավարձը բարձրացնես և այլն, եթե այդ երաշխիքների կրողը, երաշխիքների թիրախը չունի ներքին անկախություն, ապա քո կատարածը կորսված ջանք և կորսված ժամանակ է»: Բացի այդ, բանախոսը կարևորել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության իրացման մեխանիզմների արդյունավետությունը՝ պատասխանատու գերատեսչությունների հաշվետվողականության տեսանկյունից, ինչպես նաև այն երկրի այլ ռազմավարությունների, մասնավորապես, հակակոռուպցիոն ռազմավարության հետ սիներգետիկ կապի մեջ մշակելու և իրագործելու կարևորությունը:
ԲԴԽ անդամն անդրադարձել է նաև մի շարք այլ թեմաների և պատասխանել ներկաների հարցերին: