Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 10-ին Սոցիալական աշխատողի օրվա առթիվ ընդունել է համակարգի մի խումբ աշխատակիցների՝ Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի գլխավորությամբ, և շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ:
«Սոցիալական աշխատողը մեր օրերում ոչ միայն իր մասնագիտական պարտականություններն է կատարում, այլև՝ հանրային ու արժեքային նշանակության աշխատանք: Շնորհավորում եմ և բեղուն աշխատանքային գործունեություն մաղթում ձեզ՝ համոզմունքով, որ սրտացավ ու մասնագիտական բարձր որակներով շարունակելու եք ձեր նպաստը բերել Արցախում սոցիալական համերաշխության ապահովմանն ու սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը»,- շնորհավորանքի խոսքում ասել է Արտակ Բեգլարյանը:
Սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրած ավանդի և մասնագիտական տոնի կապակցությամբ համակարգի մի խումբ երախտավորներ պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով, ԱՀ պետական նախարարի պատվոգրով և ԱՀ սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարության խրախուսանքի միջոցներով: