Բակում բետոնախառնիչ ու էքսկավատորներ են, համալիրի ներսում՝ աղյուսից մինչև արդեն պատրաստի բնակարանի առաջարկներ։ Երևանում մեկնարկած խոշորագույն ՏՈՒՆ-Էքսպո ցուցահանդեսը նույնքան ակտիվ է, որքան երկրում հիմա՝ շինարարական ոլորտը։ Դարձել են տնտեսության լոկոմոտիվը՝ հպարտանում են Կառուցապատողների ասոցիացիայից։
Արմեն Սաքապետոյան (Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ) - էս ծավալի շինարարություն երբեք չի եղել։ Շինարարության պիկը մեզ մոտ եղել է 2006-08 թվականներին, երբ կառուցապատվել է մինչև 300 հազար քառ. մետր, բայց այս ու եկող տարի մենք սպասում ենք մինչև 700-800 հազար քառակուսի մետր՝ շահագործման հանձնված բնակարաններ:
Անշարժ գույքի շուկայում արձանագրվող գների աճն ու կառուցապատման հանդեպ հետաքրքրությունը՝ նաև բիզնեսին է դեպի այս բնագավառը կողմնորոշել։ Հայաստան ներդրումներ ներգրավող «Էնթերփրայզ Արմենիայի» ղեկավարն ասում է՝ իրենց կողմից ուղեկցվող ծրագրերի 1/4-ը կառուցապատման նախաձեռնություններ են։
Լևոն Օհանեսյան («էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն) - Ոլորտն այսօր ունի հսկայական ներուժ նորարարական լուծումների միջոցով լրացուցիչ ներդրումներ ներգրավելու և նոր թափով զարգանալու համար:
Հիփոթեքը՝ եկամտային հարկի վերադարձով աշխուժացրած արտոնությունը, ի դեպ, այս հուլիսից արդեն Երևանի Կենտրնում սահմանափակվելու է։ Ծրագրերը հեռու մարզեր տանել՝ ոլորտի խաղացողները դեռ չեն շտապում։ Քանի դեռ պետությունը նոր խթաններ չի առաջարկել՝ շատ-շատ՝ Բագրևանդի աջակողմյան հատվածից ձախ տեղափոխվեն ու հայտնվեն Կոտայքում՝ ասում է Արմեն Սաքապետոյանը և դա համարում մայրաքաղաքի մեծանալու ռիսկ։
Քաղաքաշինական հոգսերից հեռու՝ տարբեր են ցուցահանդեսի այցելուների նպատակները․ մեկին կոմերցիոն տարածքներ են պետք՝ բիզնես-կենտրոններում վարձակալելու, մյուսին՝ տեղական շինանյութ՝ բնակարանի նորոգման համար։
EXPO-ն մի հարկի տակ է հավաքել մոտ 100 տաղավարային և 50-ի չափ ոչ տաղավարային ընկերությունների՝ ինչպես բուն շինարարության, այնպես էլ՝ բնակարանի ձևավորումից մինչև անվտանգության համակարգեր՝ հարակից 17 ուղղությամբ։ Ըստ ցուցահանդեսի կազմակերպիչների՝ տան հետ կապված՝ մարդու մտքով ինչ անցնում է՝ ցուցադրված է։
Դիանա Հարոյան («Բիգ պրոջեկտ» ընկերության հաղորդակցության պատասխանատու) - Եթե մարդն ուզում է ձեռք բերել տուն կամ ձեռք է բերել տուն, ու դրանից բխող հետևանքներ կան, օրինակ՝ շինարարոթյուն-կահավորում, ամեն բան մեկ հարթակից ներկայացված է՝ բանկերից մինչև ինետրիեր դիզայինի ընկերություններ:
Ցուցահանդեսը կտևի երեք օր։ Մուտքն ազատ է։