42 համարի երթուղու վարորդին դանակահարել է ուղևորը: 64-ամյա տղամարդու կյանքը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հաջողվել է փրկել: Արթուր Մանասյանը վերակենդանացման բաժանմունքում է. վիրահատությունը տևել է 1 ժամ. նրա վիճակը շարունակում է ծանր մնալ:
Կարեն Տոնոյան («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ շտապ և անհետաձգելի ընդունարանի բաժնի ղեկավար) - Եղել է սրտի պատռվածք, սրտի վնասվածք, որտեղից արյունը լցվում էր սրտի շուրջը, և շատ լցվելու դեպքում կարող էր սիրտը կանգնել: Արագ հայտնաբերել են վնասվածքը, կարողացել են դատարկել հեղուկը և կարել վնասված հատվածը:
Դեպքը եղել է երեկ առավոտյան: Ըստ ականատեսների՝ 55-ամյա ուղևորն ավտոբուս բարձրացել է Շենգավիթից, սկսել է ուղեսրահում ծխել, վարորդը հորդորել է հանգցնել ծխախոտը: Ուղևորները նույնպես դժգոհել, հարբած քաղաքացուն առաջարկել են իջնել: Սկսվել է վիճաբանություն:
Սամվել Գրիգորյան (վարորդ) - Ինքը շատ բարի, հանգիստ մարդ է, շատ: Կատակասեր: Ես զարմացել եմ, որ իր հետ է կատարվել էդ բանը:
Թիվ 42 երթուղու ենթակարգավարը պատմում է, որ իրենց վարորդները հաճախ են դժգոհում խնդրահարույց ուղևորներից, բայց երբեք չեն պատկերացրել, որ վարորդ-ուղևոր վիճաբանությունը կարող է դանակահարությամբ ավարտվել: Ծխող ուղևորն իր կանգառում չի իջել, սպասել է մինչև բոլոր ուղևորները դուրս գան մեքենայից և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան փողոցում դանակահարել է վարորդին:
Մերուժան Սարգսյան (ենթակարգավար) - Որ մարդ չի եղել, դանակը վերցրել, հարձակվել է վարորդի վրա: Վարորդը իջել, փախել է, ու հետապնդել է, էնքան է հետապնդել, որ վարորդը վայր է ընկել ու վայր ընկնելու ժամանակ խփել է, ու լավ է, բարեբախտաբար, «սկոռի» է անցնելիս եղել էդ պահին, ու միանգամից «սկոռին» հավաքել է դանակն էլ՝ վարորդի մեջքին խրած:
Թիվ 42 երթուղու վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի կասկածանքով 55-ամյա ուղևորը հայտնաբերվել ու ձերբակալվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեին: