2021 թ. դասական աճուրդով մասնավորեցվել են 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և ուղղակի վաճառքով՝ 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը: Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 294 մլն դրամ, իսկ 112 մլն դրամ փոխանցվել է համայնքների բյուջեներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ին քննարկել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը:
Հաշվետվությունն ընդգրկում է 2021 թ. ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները, ինչպես նաև մասնավորեցման արդյունքները՝ ըստ առանձին ընկերություններում կատարված ներդրումների և պրոֆիլի պահպանման պահանջների:
Ներկայացնելով մասնավորեցման գործարքների արդյունքում նոր սեփականատերերի ստանձնած պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվությունը՝ Առնակ Ավետիսյանը նշել է, որ ստանձնվել է 5 պարտավորություն, որից 3 գնորդ կատարել են պրոֆիլի պահպանման պարտավորությունները, 1 գնորդ ստանձնած պրոֆիլի պահպանման պարտավորությունները չի կատարել:
Փաստաթղթում արտացոլված են նաև լուծարման գործընթացի և դրա արդյունքում մարված պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ: Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է գտնվել առևտրային 2 կազմակերպություն. լուծարման գործընթացն ավարտվել է: «Լուծարման գործընթացի արդյունքում մարվել է շուրջ 4 մլն 152 հազար դրամ կրեդիտորական պարտք»,- տեղեկացրել է Առնակ Ավետիսյանը:
Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում կատարվել է լրացում՝ մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկվել է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն:
Հանձնաժողովը հաստատել է քննարկված հաշվետվությունը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: