Այսօր առավոտյան իր աշխատասենյակից բերման է ենթարկվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը:
Նրա փաստաբան Վահե Եփրիկյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Եսայանը ձերբակալվել է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում է, և, հավանաբար, այսօր նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի: Այս մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա:
Փաստաբանը նշել է նաև, որ հեռուստաընկերության տնօրենն անցնում է 2020-ի նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերով հարուցված քրգործով:
Ըստ պաշտպանի՝ Եսայանը իրեն վերագրվող որևէ արարք չի կատարել, և դեպքից մեկ տարի ութ ամիս անց նրան մեղադրանք առաջադրելու ու ձերբակալելու պատճառը քաղաքական է:
Հիշեցնենք՝ 2020-ի նոյեմբերի 10-ի լուսաբացին մոտ 4 տասնյակ տղամարդ, այդ թվում նաև դաշնակցական Բագրատ Եսայանն ու ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը, փորձել էին ներխուժել «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել էին դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին՝ ասելով, որ եկել են «Ազատության» սերվերների հետևից։