Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Նախ՝ անցած ամառ տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիները շատ հստակ պատասխաններ են տվել մի շարք հարցերի, հանգուցալուծել են այն ժամանակ առկա քաղաքական ճգնաժամը: Հարկ է նշել նաև, որ այս ընտրությունները ճանաչվել են իբրև ժողովրդավարական և թափանցիկ բոլոր դիտորդական առաքելությունների կողմից»,- ասաց Միրզոյանը:
Նա նշեց, որ տեղի ունեցող քաղաքական ակցիաները բազմամարդ չեն:
«Տեղի ունեցող միտինգների սակավամարդությունը չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքներն աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից: Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, բոլորը խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունք ունեն»,- ասաց Միրզոյանը: