Կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության ծրագրերն իրականացնելուն է ուղղված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը:
Օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունիսի 9-ին՝ ԱԺ արտահերթ նիստում: Գործող կարգավորումներով առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության համար տնտեսվարողը դիմում է ֆինանսների նախարարություն՝ ծանուցելով նման գործունեություն իրականացնելու մասին:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ ֆինանսների նախարարության փոխարեն կլինի Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը՝ հնարավորություն ընձեռելով լիազորությունը վերապահել այնպիսի գերատեսչության, որն իր հիմնական գործառույթներով ավելի մոտ կլինի առևտրի և ծառայությունների իրականացման գործառույթներին:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի ներկայացմամբ՝ փոփոխությունը նպատակաուղղված է տնտեսվարող սուբյեկտների գործունեության պարզեցմանն ու դյուրացմանը:
Նախագծի ընդունումից հետո նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահել կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գործառույթները: