Վերջին օրերին ակտիվացել են համացանցի միջոցով խարդախության կամ զեղծարարության դեպքերը, երևան են եկել նոր մեխանիզմներ, որոնց միջոցով խարդախները, տիրանալով զոհի մի շարք անձնական/բանկային տվյալների, գումարներ են հափշտակում քաղաքացիներից: Այս մասին զգուշացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
Խարդախների թիրախում են հայտնվել մասնավորապես առուվաճառքի հայտարարությունների կայքերով (list.am և այլն) ապրանք վաճառողները։
Խարդախները, ներկայանալով որպես գնորդ, կապի այլընտրանքային միջոցներով (WhatsApp, Telegram և այլն) կապ են հաստատում վաճառողի հետ, խնդրում վերջինիս քարտի տվյալները ապրանքի/ծառայության գումարը փոխանցելու նպատակով, արդյունքում՝ տիրապետելով բանկային գաղտնիք համարվող անհրաժեշտ քանակությամբ տվյալների, հափշտակում քարտային հաշվին առկա գումարները: Մեկ այլ դեպքում առաջարկվում է տվյալները լրացնել ուղարկված կեղծ կայքերի հղմամբ, որն առաջին հայացքից կարող է չտարբերվել իրական կայքի հղումից (օրինակ՝ գնորդներին առաջարկվում է «Հայփոստ» ընկերության կեղծ կայքի հղումը):
Խարդախը հասանելիություն է ստանում ցանկացած տվյալի, որը մուտքագրվում է կեղծ կայքում։ Ստանալով բանկային տվյալները՝ նա անարգել տնօրինում է քարտապանի ֆինանսական միջոցները:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է զգոն լինել գործարք կատարելուց առաջ, ոչ մեկին չտրամադրել SMS/mail-ի միջոցով բանկի տրամադրված մեկանգամյա կոդը, որևէ կայքում անձնական տվյալներ լրացնելուց առաջ ստուգել կայքի իսկությունը՝ համեմատելով ինտերնետային հասցեի տողում առկա կայքի ամբողջական անվանումը կայքի պաշտոնական անվանման հետ՝ կատարելով որոնման պարզ գործողություն:
«Հիշե´ք, որ գումար ստանալու համար բանկային քարտի դարձերեսին առկա եռանիշ կոդը (CVC/CVV) չի պահանջվում, ուստի խստիվ արգելվում է այն փոխանցել այլ անձանց: Նմանատիպ իրավիճակներում ցանկացած կասկած անհրաժեշտ է մեկնաբանել հօգուտ տվյալներ տրամադրելուց ձեռնպահ մնալուն: Եթե ինքնուրույն չեք կողմնորոշվում տվյալների տրամադրման ռիսկայնության հարցում, կարող եք դիմել Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին՝ զանգահարելով կամ գրելով ֆեյսբուքյան պաշտոնական էջին»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ: