ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Կարա ՄքԴոնալդի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը գոհունակությամբ ընդգծվել է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան ներկայիս ռազմավարական երկխոսության բարձր մակարդակը և երկուստեք կարևորվել դրա շարունակական ընդլայնումը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանում վերջին տարիների ընթացքում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին և արդի խնդիրներին:
Վահե Գևորգյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին:
Մասնավորապես, կարևորվել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցը, Արցախում շարունակաբար վանդալիզմի ենթարկվող հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը:
Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ոլորտում հայ-ամերիկյան երկխոսության հետագա զարգացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում: