Մենք մեր հայ գործընկերների հետ մշտապես փորձում ենք փոխադարձ այցեր կատարել, և այժմ մեր կապը բավական ինտենսիվ է: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ ապրիլին ՀՀ ԱԳ նախարարի այցը Մոսկվա եղել է շատ օգտակար և արդյունավետ, իսկ մայիսի 12-ին հանդիպում է տեղի ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:
«Այսօրվա բանակցությունները թույլ տվեցին ամբողջությամբ կենտրոնանալ երկկողմ օրակարգի բոլոր ուղղությունների, միջազգային, տարածաշրջանային հարցերի վրա: Առաջնահերթ վերլուծել ենք խնդիրների կատարման ընթացքը, որոնք առաջադրել են մեր ղեկավարները՝ Ռուսաստանի նախագահը և Հայաստանի վարչապետը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի առաջին և շատ կարևոր պաշտոնական այցի ընթացքում, որը տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 19-20-ը: Այդ այցի կարևորագույն արդյունքներից մեկը հայտարարության ընդունումն էր, որում արտացոլված են մեր երկկողմ փոխգործակցության առաջնահերթ ուղղությունները: Մեր ղեկավարները վերահաստատեցին Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցության արտոնյալ բնույթը, ինչը հատկապես կարևոր է այս տարի, երբ մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- ասաց ՌԴ գլխավոր դիվանագետը:
Լավրովը հիշեցրեց, որ ապրիլին Մոսկվա կատարած այցի ընթացքում ստորագրվել է փաստաթղթերի մեծ փաթեթ, որը լրացնում է երկկողմ լայն իրավապայմանագրային բազան:
ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրեց նաև, որ այս տարի կանցկացվի Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի նախագահությամբ, ինչպես նաև միջտարածաշրջանային համաժողով, երիտասարդական համաժողով: Բացի այդ, նախատեսվում է այս տարի Երևանում կանգնեցնել հայ-ռուսական բարեկամության հուշարձան: