ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼԻՍ
Կառավարությունն այսօրվանից նոր ծրագիր է սկսում՝ աջակցելու սահմանամերձ բնակավայրերում հիփոթեքով տուն կառուցել ցանկացող ընտանիքներին: Դեռ նախորդ նիստին ազդարարված ծրագրի շահառուներ, ըստ նախարար Մկրտչյանի, կարող են դառնալ բնակչության ռեգիստրում հաշվառված այն ամուսինները, որոնցից առնվազն մեկը ՀՀ քաղաքացի է: Չկա տարիքային սահմանափակում, չկա երեխա ունենալու պայման՝ մանրամասնեց ոլորտային պատասխանատուն:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Այս ծրագրի հիմնական թիրախը նաև նոր ստեղծվող ընտանիքներն են, որոնք կկարողանան իրենց սեփական տունը կառուցել պետական աջակցությամբ:
2022-24 թվականների ծրագրով կթեթևանա շահառուի վարկային բեռը: Գործադիրը 10 տարվա ընթացքում կսուբսիդավորի գործընկեր բանկերից վերցրած հիփոթեքի ընդհանուր մայր գումարից 12 միլիոն դրամը, 12 տոկոսն էլ՝ տոկոսադրույքից:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Տոկոսից կախված, եթե կլինի 12 տոկոս՝ կզրոյանա, եթե կլինի մի փոքր ավելի՝ 13, 14 տոկոս, կլինի 2 տոկոս, բայց նաև պլյուս 12 միլիոն դրամի աջակցություն, որը շատ էական է:
Նախարարը նկատեց՝ սա նպաստելու է գյուղական համայնքների համաչափ զարգացմանը: Հանրապետության 5 մարզում այժմ 79 սահմանամերձ բնակավայր կա: Մկրտչյանը նաև հստակեցրեց՝ սա չի հակադրվում արդեն գործող մեկ այլ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրին:
Նարեկ Մկրտչյան - Ենթադրենք հետևյալ սցենարը՝ քաղաքացին որոշել է, որ պետք է 20 միլիոնով տուն կառուցել սահմանամերձ գյուղական բնակավայրում, և 12 միլիոնը տրամադրվում է մեր կողմից: Նա այդ պահին ունի երկու երեխա, և մեկ ամիս հետո ծնվում է երրորդը, բայց վարկը վերցնելուց հետո նա նաև դառնում է շահառու մեր մյուս ծրագրի՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրին, այսինքն՝ մինչև 2 մլն դրամ ուղիղ մայր գումարի մարմանը տրամադրվում է նաև մյուս ծրագրից: Իսկ եթե պլյուս զինվորական էլ է, էդ դեպքում ավելի է մեծանում:
Վարչապետի կարծիքով՝ ավելի շատ հենց զինվորականները կլինեն սահմանամերձներում տուն կառուցողները, քանի որ նրանք արդեն այդ գյուղերի բնակիչ են:
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԲԱՆԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ
Բանակին վերաբերող փոփոխությունների մի մեծ փաթեթ էլ Սուրեն Պապիկյանը ներկայացրեց: Առաջարկեց՝ գլխավոր շտաբի պետի պաշտոնը սահմանել որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Նա, սակայն, չի լինելու ղեկավարին փոխարինող անձ և քաղաքական պաշտոն զբաղեցնող: Մյուս առանցքային փոփոխությամբ էլ՝ զինված ուժերի նյութատեխնիկական միջոցների ապահովումը, պահեստային տնտեսությունների կառավարումը, գնումների գործընթացն այլևս կիրականացնի պաշտպանության նախարարությունը:
Սուրեն Պապիկյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Մենք պարզ լեզվով կարող ենք նշել, որ զինված ուժերը պետք է զբաղվեն միայն այն գործով, որ վերապահված է իրենց, այն է՝ պաշտպանել ՀՀ սահմանները, զբաղվել մարտական պատրաստականությամբ, այսինքն՝ այն ամենով, ինչը բարձրացնելու է մեր բանակի մարտունակությունը, այլ խնդիրները պետք է իրականացվեն ՊՆ այլ վարչությունների կողմից, հիմնականում՝ քաղաքացիական, բոլոր այն հնարավոր ուղղությունները, որոնք հնարավոր կլինի պատվիրակել, ապա դրանք պետք է պատվիրակվեն, որի արդյունքում ԶՈՒ մեր գործընկերները կունենան ավելի շատ ժամանակ զբաղվելու իրենց առաքելությամբ:
ԿՆՔՎԵԼ Է ԲԵՐՔԻ ԳՆՄԱՆ 1500 ՊԱՅՄԱՆԱԳԻՐ. ՔԵՐՈԲՅԱՆ
Բանակից անցում գյուղոլորտին: Գործադիրը փոփոխեց մթերման վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: Անցած տարվանից ներդրված գործիքը, ըստ նախարար Քերոբյանի, արդյունավետ աշխատել է, պետության մասնակի երաշխիքով մթերողները կարողացել են վերցնել այնքան վարկ, որքան անհրաժեշտ է պրոցեսը կազմակերպելու համար: 2021-ին 9 կազմակերպության 5,4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք է տրամադրվել: Իսկ արդեն այս հունիսի 7-ի դրությամբ ակնկալվում է, որ 149 հազար տոննայից ավելի պտուղ-բանջարեղեն կմթերվի: Գյուղացի-մթերող կապն օրինական դարձնելու համար սկսել է գործել նաև պայմանագրերի նախօրոք կնքման մեխանիզմը, պտուղ-բանջարեղենի դեպքում վերջնաժամկետը մայիսի 31-ն էր:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Մեր ակնկալված արդյունքը կա՝ 1354 գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է 1500 բերքի գնման պայմանագիր, համաձայն որի պետք է մթերվի 81,6 հազար տոննա պտուղ-բանջարեղեն 12 մլրդ դրամ ընդհանուր գումարով:
ՀՈՒԼԻՍԻ 1-Ը՝ ՄԹԵՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Սա կապահովի ակնկալվող ծավալի կեսը, մյուս կեսի չափով մթերողներն արդեն նախատեսել էին: Քերոբյանը նաև խաղողագործների ուշադրությունը հրավիրեց: Հուլիսի 1-ին էլ լրանում է խաղողի մթերման պայմանագրերի կնքման վերջնաժամկետը:
Վահան Քերոբյան - Երբեմն մենք լսում ենք անհանգստություններ, որ որևէ մթերող հրաժարվում է կնքել պայմանագիր, ես էլի օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել՝ եթե որևէ գյուղմթերք աճեցնող ունի դժվարություն մթերման պայմանագիր կնքել մթերող կազմակերպության հետ, ապա էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է աջակցել, որպեսզի էդ բոլոր պայմանագրերը կնքվեն:
Այն, որ գյուղացին դժվարություն է ունենում, արդեն խնդիր է՝ նկատեց վարչապետը, ասաց՝ պետք է չստացվի, որ մթերողը պայմանագիր կնքի միայն պետության տրամադրած աջակցության չափով, իսկ մյուսներին մերժին, վերջում էլ՝ բերքը դռանը՝ գին պարտադրի:
Նիկոլ Փաշինյան - Մենք աջակցում ենք, որ գյուղացուց նորմալ գներով մթերվի, նաև աջակցում ենք, որ մեր տնտեսությունն է, մեր բիզնեսն է, աջակցում ենք, բայց եթե ստեղ փոխադարձ որոշակի ըմբռնում չկա, այսինքն՝ էսպես ասած խնդիր ա դրվում, ոնց անենք, որ կառավարության հատկացրած փողը տանենք, ու դրանով թեման ավարտվի, էստեղ խնդիր կա, և, հետևաբար, պետք է ահազանգերի նկատմամբ ուշադիր լինել և տեսնել՝ էդպիսի դեպքեր կան, թե չկան:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ՝ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ
Հանձնարարականը վարչապետը նաև նիստին ներկա մարզպետներին տվեց: Զեկուցվող հաջորդ հարցով էլ հաստատվեց՝ արդեն երկրորդ անգամ մրցույթով վաճառքի կդրվեն Օրբելու 23 հասցեի 9905 քմ մակերեսով նախկին զինվորական հիվանդանոցի շենք-շինությունները, նաև կից հողամասը: Պետական այս գույքն օտարելու առաջին փորձը 2020 թ.-ին էր, բայց մրցույթին հայտեր չէին եղել: Վաչե Տերտերյանի խոսքով՝ այն ժամանակ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով էր մրցույթի դրվել, հիմա շեմն իջեցվել է:
Վաչե Տերտերյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Առաջարկվում է գույքը օտարել մրցույթով՝ մեկնարկային գին սահմանելով գնահատված արժեքի 80 տոկոսի չափով՝ 6 613 652 800 դրամ:
Պետական գույքի արդյունավետ կառավարումը գործադիրի ամենակարևոր մարտահրավերներից մեկն է՝ նկատեց վարչապետը: Ահռելի քանակությամբ նման գույք կա, որը եկամուտ չի բերում, չի աշխատում կամ մաշվում է:
Նիկոլ Փաշինյան - Մենք ունենք դեպքեր, երբ պետական շենքերը չեն օգտագործվում, դեպքեր էլ կան, երբ պետական գերատեսչությունները տարածքներ են վարձակալում: Այս թեման էլ մենք պետք է լրջորեն ուսումնասիրենք: Իհարկե, որոշ տեղերում կարող է լոկացիայի խնդիր լինել, որոշ տեղերում էլ՝ զուտ քաղաքաշինական նպատակահարմարության խնդիր, բայց մեզ համար սա կարևորագույն թեմա է: Մենք պետական գույքի կառավարումը որպես պետական բյուջեի եկամտային հոդված, ըստ էության, առանձնապես այդպես ուշադրության կենտրոնում չենք էլ պահում:
Թեման մանրամասն քննարկվեց: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշեց՝ այժմ պետգույքի կառավարման նոր հայեցակարգ է մշակվում: Վարչապետն էլ հանձնարարեց նախ իրագործել ազգային գեոպորտալի գաղափարը, այսպես ասված էլեկտրոնային քարտեզը ներառում է ամբողջ հանրապետության տարածքում առկա շենք-շինությունները, տարածքները, եթե այդտեղ ներդրվի նաև մասնավորեցման բաժինը, ըստ Փաշինյանի, հնարավոր կլինի ուղիղ կապ ապահովել պոտենցիալ գնորդների հետ: