Կառավարության որոշմամբ նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով և 0.00436 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարել մրցույթով:
Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2013 թ.: Այն իրենից ներկայացնում է նախկին զինվորական հիվանդանոցի շենք-շինություններ՝ դրանց օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։ 2020 թ. գույքը ներկայացվել է օտարման մրցույթով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ Ըստ այդմ, առաջարկվում է բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարել մրցույթով՝ գնահատված արժեքի 80 տոկոսի չափով՝ 6 613 652 800 դրամ: Որոշմամբ սահմանվում է նաև, որ գույքի վաճառքի գինը գնորդները կարող են վճարել միանվագ, ինչպես նաև 5 տարիների ընթացքում, ինչը հնարավորություն կստեղծի գույքի օտարմանը ներգրավել ավելի լայն մասնակիցների շրջանակ։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետական գույքի արդյունավետ կառավարումը կառավարության ամենակարևոր մարտահրավերներից մեկն է. «Այսօր ունենք ահռելի քանակությամբ պետական գույք, որը ոչ մի եկամուտ, ոչ մի արդյունք, ոչ մի ավելացված արժեք երկրին չի բերում: Այսինքն՝ հազարավոր օբյեկտներ, որոնք համարվում են պետական, չեն աշխատում ուղղակի կամ մաշվում են: Այստեղ մենք պետք է շատ լուրջ հետևություններ անենք հասկանալու համար, թե ինչ պետք է անենք, որպեսզի պետական գույքն արդյունավետ կառավարենք: Մենք ունենք դեպքեր, երբ պետական շենքերը չեն օգտագործվում, դեպքեր էլ կան, երբ պետական գերատեսչությունները տարածքներ են վարձակալում: Այս թեման էլ մենք պետք է լրջորեն ուսումնասիրենք: Իհարկե, որոշ տեղերում կարող է լոկացիայի խնդիր լինել, որոշ տեղերում էլ զուտ քաղաքաշինական նպատակահարմարության խնդիր, բայց մեզ համար սա կարևորագույն թեմա է: Մենք պետական գույքի կառավարումը որպես պետական բյուջեի եկամտային հոդված, ըստ էության, առանձնապես այդպես ուշադրության կենտրոնում չենք էլ պահում»:
Թեմայի շուրջ ծավալվել է քննարկում, պետական գույքի արդյունավետ կառավարման համար ներկայացվել են առաջարկություններ, գաղափարներ: Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է նախ կյանքի կոչել գեոպորտալի հետ կապված գաղափարը. «Հաջորդը, ի վերջո մենք պրակտիկայից պետք է անենք հետևություններ: Այստեղ ամենատարբեր գաղափարներ հնչեցին, որոնք պետք է լրջորեն քննարկել: Եվ նաև մեր ամենակարևոր խնդիրը, որի մասին խոսել ենք՝ պետք է այս ցիկլը հաղթահարենք. մասնավորեցման ենք դնում գույքը, չի մասնավորեցվում, հետո երկրորդ, երրորդ անգամ ենք դնում: Սա նշանակում է, որ ինչ-որ բան այնպես չենք անում, հետևաբար պետք է խորամուխ լինենք խնդրի մեջ և պատշաճ լուծումներ գտնենք»: