ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին:
«Ուրախ ենք լսել Թուրքիայի բարձրագույն իշխանության կողմից հայտարարություններ այն մասին, որ իրենք պատրաստվում են և պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և բացել Հայաստան-Թուրքիա սահմանը: Սա ողջունելի է:
Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք մոտեցումների տարբերություններ այն առումով, որ թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ կարգավորման այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի, այնուամենայնիվ, մենք պարբերաբար կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև, կապ, որը Թուրքիայի իշխանության ներկայացուցիչներն են փորձում գտնել կամ ընդգծում են յուրաքանչյուր առիթով: Չենք կարծում, որ սա կառուցողական է»,- ասաց Միրզոյանը:
Նա շեշտեց՝ կան որոշակի տարբերություններ նաև այն առումով, որ Հայաստանը և Թուրքիան տարբեր պատկերացումներ ունեն գործընթացի տեմպի մասին: