ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սոցիալական և հումանիտար գիտությունների ստորաբաժանումը կազմակերպում է «Երիտասարդության հայացքը Մետաքսի ճանապարհին» խորագրով միջազգային լուսանկարչական մրցույթի 4-րդ շրջափուլը։
Լուսանկարչական մրցույթը, որն առաջին անգամ մեկնարկել է 2018 թվականին, հնարավորություն է ընձեռում երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Մետաքսի ճանապարհի վերաբերյալ:
Մրցույթը կանցկացվի հետևյալ երկու թեմաներով՝ «Հավատք և հոգևորություն» և «Ապրել միասին»։ Ներկայացված լուսանկարները կարող են անդրադառնալ նշված թեմաներից որևէ մեկին` միաժամանակ կենտրոնանալով Մետաքսի ճանապարհի տարածքում ապրող ժողովուրդների փոխազդեցությունների վրա:
Մրցույթին կարող են մասնակցել 14-17 և 18-25 տարիքային խմբերի լուսանկարիչները։ Յուրաքանչյուր տարիքային խմբից առաջին տեղը զբաղեցրած մասնակիցները կստանան պրոֆեսիոնալ տեսախցիկներ, երկրորդ տեղը զբաղեցրածները՝ կիսապրոֆեսիոնալ տեսախցիկներ, երրորդ տեղը՝ թվային տեսախցիկներ։ Բացի դրանից, մրցույթի մոտ 60 լավագույն լուսանկարները կներառվեն պրոֆեսիոնալ լուսանկարչական ալբոմում և կներկայացվեն աշխարհի տարբեր տարածաշրջաններում կազմակերպված ցուցահանդեսներում:
Մասնակցության պայմանների և մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այստեղ:
Մասնակցության դեպքում հարկավոր է մինչև 2022 թվականի հուլիսի 17-ը գրանցվել կայքէջում և այդ մասին հայտնել ՀՀ ԱԳ նախարարությանը էլփոստի հասցեի միջոցով։