ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են:
«Բոլոր ճանապարհները, որոնք պետք է բացվեն, մնալու են այն երկրների սուվերենության և իրավասությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Այսինքն՝ միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա համընդհանուր ընկալում է»,- ասաց Միրզոյանը:
Միաժամանակ Միրզոյանը նշեց, որ կան հարցեր, որոնցում կողմերը տարբեր պատկերացումներ ունեն:
«Բայց աշխատանքները շարունակվում են: Կարծում եմ, որ կունենանք փոխադարձ ընդունելի լուծումներ»,- նշեց Միրզոյանը: