Հավանության է արժանացել ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» 2019 թ. հոկտեմբերի 28-ին ստորագրված համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությունը:
Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրային և տնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև երկու երկրների միջև և իրենց տարածքներով տարանցիկ ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով վերանայվել են գործող կարգավորումները: Համաձայնագրով հստակեցվել են երկու երկրների միջև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման գործընթացները:
Գործադիրը հավանություն է տվել 2021 թ. դեկտեմբերի 21-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը բխում է ԵԱՏՄ շրջանակում կապիտալի միասնական շուկա ստեղծելու սահմանված նպատակից և հանդիսանում է այդ նպատակին հասնելու միջոցառումներից մեկը: Համաձայնագիրը թույլ կտա անդամ երկրների վարկային բյուրոներին փոխանակել վարկային տեղեկատվություն: Փաստաթղթի նպատակն է վարկային ռեսուրսներին հասանելիության տեսանկյունից ապահովել հավասար պայմաններ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար՝ անկախ իրենց փաստացի գտնվելու վայրից: Միևնույն ժամանակ, վարկային պատմությունների փոխանակումը հնարավորություն կտա բանկերին ավելի ճիշտ գնահատել իրենց ռիսկերը և այլ երկրի ռեզիդենտ հանդիսացող, պարտաճանաչ վարկառուին տրամադրել վարկեր ավելի լավ պայմաններով, քան հնարավոր էր սահմանափակ տեղեկատվության պարագայում: