Ռուսաստանն առանցքային դերակատարություն է ունեցել ԼՂ ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կասեցնելու գործում: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում շեշտեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ որպես սադրանքները կանխելու և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործոն, կոչված է պայմաններ ստեղծելու մեր տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման, կայունության և անվտանգության ապահովման համար:
Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն, մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղ ներխուժմամբ:
Մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական և հրատապ է հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Այս ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք:
Միևնույն ժամանակ ռազմական գործողությունների ավարտից գրեթե 1.5-2 տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերիներին և մյուս պահվող անձանց»,- ասաց Միրզոյանը:
Միրզոյանը հույս հայտնեց, որ ռուսական կողմն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ: