Հայկական դրամը շարունակում է արժևորվել դոլարի և եվրոյի նկատմամբ: Տարեսկզբի համեմատ, ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ դոլարը դրամի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 10 տոկոսով՝ 481-ից դառնալով 433 դրամ, իսկ եվրոն՝ 15.2 տոկոսով՝ 546-ից իջնելով 463 դրամ: Միևնույն ժամանակ ռուսական ռուբլին տարեսկզբի համեմատ արժևորվել է գրեթե 11 տոկոսով՝ 6.4 դրամից դառնալով 7.1: Նման կտրուկ տատանումների պատճառը վերջին ամիսներին ռուս մասնագետների ներհոսքն է Հայաստան, որոնք հիմնականում աշխատավարձ են ստանում արտասահմանյան ընկերություններից՝ դոլարով:
Աշոտ Խուրշուդյան (տնտեսագետ) - Աննախադեպ՝ դոլարային արտահայտությամբ ներհոսք է եղել Հայաստան, խոսքը գնում է ֆիզիկական անձանց, անհատների ոչ կոմերցիոն փոխանցված գումարների մասին, աննախադեպ է իրոք: Միայն ապրիլ ամսին մոտ 350-ից ավելի միլիոն դոլարի չափով գումար է մտել Հայաստան, երբեք այդպիսի մեծ գումար մեկ ամսում տարվա սկզբին չի եղել, բարձր է եղել նաև մարտը, և, նայելով այս միտումներին՝ ես կարող եմ պնդել, որ մայիսը նույնպես շատ բարձր է եղել:
Մասնագետների գնահատմամբ՝ փոխարժեքի կտրուկ տատանումը տնտեսության վրա բացասական հետևանքներ է թողնում՝ կարևոր չէ՝ այդ տատանումը դեպի ներքև, թե վերև է, այն կա՛մ արտահանմանը, կա՛մ ներմուծմանն է վնասելու:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Տնտեսվարող սուբյեկտները, ովքեր կողմնորոշվում են փոխարժեքով, ովքեր գործ ունեն փոխարժեքի հետ, իրենք ոչ միայն երկարաժամկետ, միջնաժամկետ, այլ նույնիսկ կարճաժամկետ պլանավորում չեն կարողանում իրականացնել:
Դրամի արժևորումը զսպում է գնաճը, դա է պատճառներից մեկը, որ Հայաստանում, ի տարբերություն ԵԱՏՄ և մեր տարածաշրջանի երկրների, գնաճը երկնիշ չէ: Դրական մեկ այլ գործոնն էլ արտաքին պարտքի վրա ազդեցությունն է:
Արմեն Քթոյան - Արտաքին պարտքի գծով կառավարությունը՝ 22, 23, 24 թվականների համար լուրջ պարտավորություններ ունի կատարելու, և դրամի արժևորումը բյուջեի վրա այդ պարտավորությունների կատարման բեռը որոշակիորեն նվազեցնում է: Եթե տարվա կտրվածքով նայենք, խոսքը 10, 20 մլրդ դրամի մասին է, եթե արժևորման էս տեմպը ամբողջ տարվա ընթացքում կամ միջին փոխարժեքի պարագայում արձանագրվի:
Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէր դոլարային նման ներհոսքին, ըստ Աշոտ Խուրշուդյանի՝ կարճաժամկետ առումով այն դեռ կպահպանվի: Սակայն թե ինչու դրամի արժևորմանը զուգահեռ չեն նվազում ներմուծվող ապրանքների գները՝ տնտեսագետը նշում է:
Աշոտ Խուրշուդյան - Ներմուծողը չի իջեցնում գինը, թեպետ իրա ներմուծումը իջել է, որովհետև սպասում է, որ հեսա փոխարժեքը հետ է բարձրանալու: Ահա հիմնականում մարդկանց վարքագիծն էլ հենց հետևանք է լինում սրան, այդ սպասումները, ես անձամբ ակնկալում եմ, որ հատկապես որոշ ներմուծվող ապրանքների գներ պետք է անպայման անկում ապրեն սրա հետևանքով, ընդհուպ, ասենք, ինչու չէ՝ գազի սակագինը վերանայվի:
Այնուամենայնիվ՝ երկարաժամկետ հատվածում, մասնագետների կարծիքով՝ Հայաստանին ձեռնտու չէ դրամի նման արժևորում, քանի որ մեր արտահանողները կկորցնեն իրենց մրցունակությունը: Այս իրավիճակին Հայաստանը բախվել է տարիներ առաջ:
Արմեն Քթոյան - Երբ որ դրամը արժևորվեց ու հասավ մինչև դոլարի նկատմամբ 300 դրամի, ըստ էության, 2 անգամ արժևորվեց, եթե իր առավել արժեզրկված մակարդակը դիտարկենք մոտ 2 անգամ, և սրա արդյունքը եղավ այն, որ արտահանման-ներմուծման հարաբերակցությունը 1-ը 4-ի էր հասել, դա առևտրային հաշվեկշռի զգալի պակասուրդ ձևավորելուն է հանգեցնում, որը երկարաժամկետ հատվածում տնտեսության համար լուրջ սպառնալիքներ կարող է ստեղծել:
Առաջիկա ամիսներին ևս մասնագետներն ակնկալում են տրանսֆերտների մեծ ներհոսք, և այն, որ այս տարի հնարավոր է՝ ամենաբարձր չափն արձանագրվի մեր երկիր հոսած գումարների, արդեն տեսանելի է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան