Հունիսի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել են շրջանառելի` բազմակի օգտագործման տարաների հարկման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հարցեր։
Խորհրդի մասնավոր հատվածի, մասնավորապես Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցչի ներկայացմամբ մանրամասնվել է շրջանառելի տարաների հարկման հետ կապված ոլորտի տնտեսվարողների մոտ առաջ եկած խնդիրների բնույթն ու դրանց լուծման իրենց առաջարկությունները՝ մատնանշելով կարգավորումների անհրաժեշտությունը և ոլորտի մասնակիցների պատրաստակամությունը խնդրի օրենսդրական կարգավորումների մշակման հարցում։
Այդ համատեքստում ներկայացվել են նաև հարցի շուրջ նախկինում տեղի ունեցած քննարկումների հետ կապված շահագրգիռ կողմերի տեսակետները, մասնավորապես՝ խնդրի առնչությամբ 2019 թ. ոլորտի տնտեսվարողների դիմումը և դրա վերաբերյալ ֆինանսների նախարարության դիրքորոշումը։
Օրակարգային մյուս հարցն առնչվում էր ՎԶԵԲ-ի և ՄԹ կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի կողմից ներկայացված խնդրին, որը կապված էր «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներին, մասնավորապես «անկանխիկ ձևով գործառնություն» (վճարում) հասկացության մեկնաբանությունների հետ։ Թեմայի վերաբերյալ կազմակերպված դասընթացների ժամանակ նշվել է, որ եթե վճարումը նախաձեռնվել է կանխիկ և վճարվել է ստացողի բանկային հաշվեհամարին, ապա այն պարտադիր պետք է իրականացվի վճարողի աշխատակցի միջոցով, այլապես վճարումը չի դիտվի որպես անկանխիկ։ Գործնականում լայն տարածում ունի այն երևույթը, երբ մանրածախ առևտրի ոլորտի տնտեսավարողները մատակարար կազմակերպությունների աշխատողներին (առաքիչներին) գումարը վճարում են կանխիկ, իսկ վերջիններս մուտք են անում իրենց ընկերությունների հաշիվներին: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, միևնույն է, առևտրի գերակշիռ մասն իրականացվելու է կանխիկ եղանակով, սակայն մատակարարումների դիմաց վճարումները պետք է իրականացվեն անկանխիկ: Ուստի, անհրաժեշտ է օպերատիվ կազմակերպել օրենքի մեկնաբանության հետ կապված խնդրի կարգավորումը՝ վերջինիս հետագա կիրառության հնարավորինս սահուն մեկնարկ ապահովելու նպատակով:
Հաշվի առնելով խնդրի կարգավորման անհրաժեշտությունն ու արդիականությունը ոլորտի խոշոր խաղացողների համար՝ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում համապատասխան շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ կազմակերպել նոր քննարկում՝ ներկայացված հարցերի լուծման համար գործուն առաջարկություններ մշակելու նպատակով։