Այսօրվա բանակցություններին հատուկ ուշադրություն ենք դարձրել Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման միջոցներին: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք կիսում ենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների անշեղորեն կատարման մոտեցումը»,- ընդգծեց դիվանագետը, գոհունակություն հայտնեց հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման արդյունքների կապակցությամբ:
Լավրովը նշեց, որ անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքին: Նա Ռուսաստանի անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը:
«Մենք նաև ողջունում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դա ևս պետք է նպաստի տարածաշրջանի ընդհանուր առողջացմանը»,- հայտարարեց նախարարը՝ այդ իմաստով կարևորելով նաև տարածաշրջանային «3+3» ձևաչափի աշխատանքը երկխոսության հաստատման տեսանկյունից:
Ամփոփելով՝ Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանին հրավիրեց Մոսկվա: «Ուրախ կլինենք տեսնել Ձեր պատվիրակությանը Ռուսաստանի Դաշնության ցանկացած քաղաքում»,- նշեց դիվանագետը: