Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, հակամարտության ավարտի և գործնական խնդիրների լուծման գործընթացում էական դրական միջանկյալ արդյունքներ ենք արձանագրում՝ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա վստահություն հայտնեց, որ հնարավոր է հասնել վերջնական պայմանավորվածությունների:
«Մենք ուրախ ենք, որ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի հիմնադիր նիստը: Հերթական նիստը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում»,- հավելեց Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրեց նաև, որ էական առաջընթաց է գրանցվել փոխվարչապետների գլխավորությամբ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում:
Լավրովն ընդգծեց, որ բանակցային գործընթացում դիտարկվում են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած առաջարկները: