ԱՄՆ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ. ԴՈՆՖՐԻԴ
Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն առաջընթաց գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում. նման կարծիք է հայտնել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։
«Հավատում եմ, որ Ադրբեջանը և Հայաստանը կկարողանան խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Կարծում եմ՝ տեսել ենք, որ երկու երկրներն էլ էական քայլեր են ձեռնարկել: ԱՄՆ-ը աջակցում է բոլոր այդ նախաձեռնություններին»,- ընդգծել է Քարեն Դոնֆրիդը:
ՎՃՌՎՈՒՄ Է ԴՈՆԲԱՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայում հակամարտության 105-րդ օրն ուղերձով դիմել է ուկրաինացիներին:
«Սևերոդոնեցկը դեռևս Դոնբասում առճակատման էպիկենտրոնն է: Այնտեղ վճռվում է Դոնբասի ճակատագիրը։ Պաշտպանում ենք մեր դիրքերը և զգալի կորուստներ հասցնում հակառակորդին: Շատ կատաղի պայքար է ընթանում, թերևս՝ ամենադժվարն այս պատերազմի ընթացքում»,- մանրամասնել է նախագահը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Լուգանսկի Սևերոդոնեցկ քաղաքի բնակելի թաղամասերն ամբողջությամբ անցել են ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Նրա խոսքով՝ ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 97 տոկոսն արդեն ռուսական կողմինն է:
ԿԻԵՎԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿՈՉ
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Եվրահանձնաժողովին և ԵՄ խորհրդին Ուկրաինային Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել՝ ասված է ԵՄ արտաքին և պաշտպանական քաղաքականության փոփոխության մասին բանաձևում, որը 438 կողմ, 65 դեմ, 94 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
Եվրոպական երկրները կոչ են անում անհապաղ Ուկրաինա ուղարկել անհրաժեշտ ողջ սպառազինությունը, ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել, ինչպես նաև պատրաստ լինել ռազմական գործողությունների ավարտից հետո նպաստել երկրի վերականգնմանը:
Փաստաթղթում ընդգծվում է հակառուսական պատժամիջոցներն ուժեղացնելու անհրաժեշտությունը: Եվրախորհրդարանի պատգամավորները հորդորում են նաև ԵՄ խորհրդին և Եվրահանձնաժողովին դիվանագիտական ճնշում գործադրել բոլոր այն պետությունների վրա, որոնք չեն աջակցել Արևմուտքի՝ Ուկրաինային նվիրված բանաձևերին:
ՆԱՏՕ-Ն ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է. ԷՐԴՈՂԱՆ
Անկարան դեռևս չի կարող համաձայնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։
«Շվեդական հեռուստատեսությամբ ցուցադրել են ահաբեկչական խմբավորումների առաջնորդների հարցազրույցը։ Դրանից հետո մենք չենք կարող ասել՝ բարի գալուստ ՆԱՏՕ։ Նույնը վերաբերում է Ֆինլանդիային»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը անվտանգային կազմակերպություն է և չի աջակցում ահաբեկիչներին:
Էրդողանն անդրադարձել է նաև Հունաստանում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին:
«Այժմ Հունաստանում 9 ամերիկյան ռազմաբազա կա: Ո՞ւմ դեմ են դրանք, ասում են՝ Ռուսաստանի: Բայց մենք չենք հավատում այդ պնդումներին», - ընդգծել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանի խոսքով՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նախ առաջարկել է, որ Անկարան և Աթենքը բանակցեն առանց երրորդ երկրների մասնակցության, այնուհետև ԱՄՆ Կոնգրեսում հակաթուրքական հայտարարություններ է հնչեցրել և կոչ արել Թուրքիային F-16 կործանիչներ չվաճառել:
ԹԵՀՐԱՆԸ ՎՃՌԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ. ԻՐԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԲԱՆԱՁԵՎԻՆ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի 35 անդամ պետությունների մեծ մասը կողմ է քվեարկել Իրանի վերաբերյալ բանաձևին՝ քննադատելով Թեհրանին չհայտարարված երեք օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման վերաբերյալ պարզաբանումներ չներկայացնելու համար: Փաստաթղթին դեմ են արտահայտվել Ռուսաստանը և Չինաստանը, իսկ Հնդկաստանը, Լիբիան և Պակիստանը ձեռնպահ են մնացել: Բանաձևը նախաձեռնել են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։
Եվրամիության և ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարություն են տարածել՝ Իրանի իշխանություններին կոչ անելով գործակցել ուրանի մասնիկների ծագումը պարզելու հարցում, որպեսզի գործակալությունը կարողանա երաշխավորել, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ողջունել է բանաձևի ընդունումը: Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի որոշումը հստակ նախազգուշացում է Թեհրանին։
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է բանաձևի ընդունմանը, նշել՝ Թեհրանը վճռական պատասխան կտա: Նրա խոսքով՝ փաստաթղթի նախաձեռնող երկրները պատասխանատվություն են կրելու դրա ընդունման հետևանքների համար։