Կառավարության նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:
«Սա ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը խթանելու նախագիծ է, մասնավորապես, սահմանամերձ գյուղական բնակավայրերում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ենք ընձեռում ընտանիքներին բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող անհատական բնակելի տանը՝ իրենց իսկ նախընտրած սահմանամերձ գյուղական բնակավայրում: Այս ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը գյուղական համայնքների համաչափ զարգացման գործընթացն է»,- ասաց Մկրտչյանը:
Ծրագրով նախատեսված պետական աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկ ստացած շահառուին:
«Պետական աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը: Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 12 միլիոն դրամի և դրա գծով մինչև 12 տոկոս տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար»,- ասաց նախարարը:
Շահառու կարող են դառնալ ՀՀ ռեգիստրում հաշվառված ՀՀ քաղաքացի հանդիսացող ամուսինները: Նախարարը տեղեկացրեց, որ չկա տարիքային սահմանափակում:
«Եթե Երևանում բնակվող ընտանիքը ցանկություն կունենա սահմանամերձ գյուղական համայնքներում անհատական բնակելի տուն կառուցել, նա նույնպես կկարողանա դառնալ այդ ծրագրի շահառու: Մեր այս ծրագիրը չի հակադրվում երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրին»,- ասաց Մկրտչյանը: