Հիմա երկիր մտնող գումարներն ավելի շատ են, քան երկրից դուրս եկող գումարները: Այս մասին Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նշեց, որ երկար տարիների ընթացքում դա առաջին անգամ է տեղի ունենում:
«Դա ցույց է տալիս Կառավարության հետևողական աշխատանքը տեղական արտադրությունը և ներդրումները խթանելու հարցում: Դա տեղի է ունենում տարբեր գործոնների, այդ թվում՝ ներդրումների մեծ հոսքի հաշվին»,- նշեց նա:
Նախարարը հայտնեց, որ աշխատանքներ են իրականացվում արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:
«Հիմա Հայաստանը գտնվում է այն վիճակում, որ պետք է կարողանա շատ ավելի լայն աշխարհագրություն ծածկել տարբեր տիպի ապրանքների հետ կապված: Մենք մեծ տրանսպորտային ծրագիր ունենք մեր նախարարությունում և աշխատում ենք այնպես անել, որ Հայաստանի լոգիստիկ կապվածությունն աշխարհի հետ կտրուկ մեծանա: Այսօր Հայաստանը ՀԲ-ի Logistics Performance Index-ով գտնվում է շատ վատ տեղում, և մեր նպատակն է այնպես անել, որ Հայաստանի կապվածությունն աշխարհի հետ կտրուկ մեծանա, և որը թույլ կտա, որ մեր մշակող արդյունաբերությունն ավելի մրցունակ դառնա»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը: