Սրճարան-ռեստորանի ամբողջական թիմ հավաքողը աշխարհում հայտնի Hard Rock Cafe բրենդի Երևանի մասնաճյուղն է։ Բացմանն ընդառաջ սկսել են հայաստանյան աշխատակիցների ընտրությունը՝ ընկերությունում ընդունված միջազգային չափանիշներով․ դիմում լրացնելն ու փորձ ունենալը տվյալ դեպքում բավարար չեն՝ ասում է ընկերության տնօրենը։
Բոբ Խալիլ (Hard Rock Cafe Yerevan-ի տնօրեն) - Հաջորդ փուլը լինելու է դրսից 18 թրեյներ բերելը, ովքեր մատուցողից բարմեն տարբեր նրբություններ կսովորեցնեն։ Վերապատրաստված կադրերից կընտրենք և գործի կվերցնենք 60 հոգու։ Մեծամասնությունը՝ հայերին, բայց նաև՝ այլազգի թիմակիցներ կունենանք: Ինչպես մեր կարգախոսն է ասում՝ «Սիրում ենք բոլորին, ծառայում բոլորին»:
Ամբողջ անձնակազմին, ընդհուպ՝ աման լվացողին, «Հարդ ռոքը» բժշկական ապահովագրություն ու սոցիալական տարբեր փաթեթներ կառաջարկի, ինչը հայաստանյան ոչ միայն սրճարանները, այլև շատ հիմնարկներ դեռ չունեն։ Դրանով կսրեն հիմնականում վարձատրությամբ, փողով չափվող մեր աշխատաշուկայի մրցակցությունը, գումարած՝ կրթվելու ու կարիերայի արագ աճի հեռանկարը։ 68 երկրում գործող ցանցը, ի դեպ, Հայաստան եկավ ԱՆԻՖ-ի միջնորդությամբ․ տնտեսությանն աջակցելու պետության նախաձեռնությամբ՝ «Հայաստանի հետաքրքրությունների ֆոնդն» այս բիզնեսում 0,5 մլն դոլարի ներդրում է արել, 48 տոկոս մասնակցություն ունի։
Արսեն Հովհաննիսյան («Դոմ արենա» ընկերության տնօրեն) - Երբ քննարկում էինք ԱՆԻՖ-ի հետ էս ծրագիրը Հայաստան բերելու մասին, ասում էինք, որ էս ընկերությունը բերելու ա ոչ միայն ռեստորան, այլ նոր փորձ, գիտելիքներ, կորպորատիվ կառավարման փորձ, ու սա դրա վառ ապացույցն է:
Հովհաննիսյանն ասում է՝ գոհ են և՛ միջազգային բիզնես պարտնյորի, և՛ պետության հետ համագործակցելուց: Որպես ձեռներեց որևէ կերպ կաշկանդված չեն ԱՆԻՖ-ի փայատեր լինելու փաստից։
Արսեն Հովհաննիսյան - Բիզնեսն ազատ է իր որոշումների մեջ, իհարկե, գոյություն ունի հաշվետվողականություն, ճիշտ կառուցված հարաբերություններ, բայց հարաբերությունները կորպորատիվ կառավարման շրջանակներում են:
Ինչ վերաբերում է աշխատակիցներին․ հանդիպմանը տեղեկացրին՝ պետք է, ամենակարևորը, լինել ազնիվ, պարտաճանաչ, ոգևորվող, մնացածը կսովորեցնեն։ Օրինակ՝ կոկտեյլ սարքելուն տիրապետելն առավելություն կդիտվի, բայց բավական կլինի նաև խմիչքի մասին բազային գիտելիքներ իմանալը՝ ասում է բարմենի քասթինգ անցկացնողը։
Նարեկ Բաղդասարյան (Hard Rock Cafe Yerevan-ի բարի ղեկավար) - «Հարդ ռոքում» ունենք ավելի քան 20 տեսակի կոկտեյլներ՝ բրենդային, չհաշված բոլոր դասականները, որ հնարավոր կլինի փորձել մեր մոտ: Բարմենը պե՞տք է կարողանա բոլորը պատրաստել՝ իհա՛րկե:
Ունենալու են 10-12 միայն բարմեն։ Երևանյան «Հարդ ռոքը» բացվելու է մինչև տարեվերջ։