Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին՝ ուղեկցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի։
Հանդիպման սկզբում Դիլանյանը Նորին Սրբությանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ՍԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի միջև ձևավորված ջերմ ու գործակցային հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ այս այցը նոր զարկ կհաղորդի այդ համագործակցությանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ դատաիրավական համակարգի և Վենետիկի հանձնաժողովի միջև առկա սերտ գործակցության և այն առավել արդյունավորելու ուղղությամբ ներդրվող ջանքերի համար:
Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել Վենետիկի հանձնաժողովին Հայաստանին ցուցաբերվող աջակցության ու անհրաժեշտ խորհրդատվության համար:
Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքերին, գերիների վերադարձման հարցին, Արցախի ժողովրդի անվտանգության խնդրին և ոտնահարված իրավունքներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականությանը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին։
Իր հերթին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին նշել է, որ ՀՀ ՍԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի միջև առկա փոխըմբռնման ոգին էլ ավելի կնպաստի երկու կառույցների հարաբերությունների խորացմանը։
Զրույցի ընթացքում կարևորվել է նաև Եկեղեցու առաքելությունը մարդու իրավունքների և արդարության պաշտպանության գործում: