ԱՄՆ ներկայացուցիչներն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ հանդիպման ընթացքում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում բարեկիրթ մեդիա հարթակ ունենալուն, որտեղ ատելության խոսքը, բռնության քարոզը և վիրավորանքը տեղ չեն ունենա:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիին:
Նախարարը գոհունակություն Է հայտնել ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության, արձանագրած արդյունքների և հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակի վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նոր ներդրումային ծրագրերով աջակցել Հայաստանի կառավարությանը պետական ծրագրերի իրագործման հարցում: Հատկապես կարևորվել է մեդիա դաշտի հիմնախնդիրները: ԱՄՆ ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում բարեկիրթ մեդիա հարթակ ունենալուն, որտեղ ատելության խոսքը, բռնության քարոզը և վիրավորանքը տեղ չեն ունենա, սակայն միևնույն ժամանակ չի տուժի քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը:
ԱՄՆ գործընկերներն համատեղ աշխատանքի արդյունքում ձեռքբերումներից լավագույնն են համարել Հայաստանում ժողովրդավարության առկա բարձր մակարդակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցեր, մատնանշվել են այդ ուղղությամբ կատարված աշխատանքները, ձեռքբերումները և այն բացերը, որոնց օրենսդրական կարգավորման ուղղությամբ դեռ անհրաժեշտ է աշխատանքներ տանել:
Հանդիպման առանցքում են եղել նաև դատաիրավական համակարգի բարեփոխումները: Նախարարը ներկայացրել է դատավորների ընտրության, բարեվարքության ստուգման հարցում ունեցած ձեռքբերումները և նշել, որ գրանցած արդյունքներով չպետք է բավարարվել և պետք է անել հնարավորը, որպեսզի Հայաստանն ունենա իրապես բարեվարք և լիովին ապակոռումպացված դատական համակարգ:
Նախարար Անդրեասյանը ներկայացրել է նաև ոստիկանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումները, մասնավորապես՝ նոր ներքին գործերի նախարարության ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքները, որտեղ մեծ դերակատարում ունի նաև ամերիկյան կողմը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքին, որի վերջնարդյունքում միայն հնարավոր կլինի հասնել թիրախային խնդիրների համապարփակ լուծմանը:
Հանդիպման ավարտին բարձր գնահատելով գրանցած արդյունքները՝ արդարադատության նախարարության և ԱՄՆ ներկայացուցիչների միջև վերահաստատվել է վճռական կամքը՝ համատեղ ծրագրերի իրագործման և նոր ծրագրերի ուղենշման հարցում: