Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի 35 անդամ պետությունների մեծ մասը կողմ է քվեարկել Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունմանը՝ քննադատության ենթարկելով երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման պարզաբանման բացակայության պատճառով:
Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը տեղեկացրել է, որ բանաձևին կողմ են քվեարկել կառավարիչներից 30-ը, դեմ՝ Ռուսաստանը և Չինաստանը, իսկ Հնդկաստանը, Լիբիան, Պակիստանը ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթը նախաձեռնող երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Եվրամիության և ԱՄՆ պատվիրակությունները հայտարարություն են տարածել, որով Իրանի իշխանություններին կոչ են արել համագործակցել ուրանի մասնիկների ծագումը պարզելու հարցում, որպեսզի գործակալությունը կարողանա անհրաժեշտ երաշխիքներ տրամադրել, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է բանաձևի ընդունմանը՝ նշելով, ու Թեհրանը վճռական և համաչափ պատասխան կտա: Նրա խոսքով՝ բանաձևը նախաձեռնող երկրներն ամբողջական պատասխանատվություն են կրում դրա հետևանքների համար։
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ողջունել է բանաձևի ընդունումը: Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի որոշումը հստակ նախազգուշական ազդակ է Իրանի համար։