Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցությունը քննարկումներ է սկսում: Քաղաքական ուժը ներկայացված է վարչապետի որոշմամբ ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում:
Արամ Սարգսյան («Հանրապետություն» կուսակցության նախագահ) - Մեր կուսակցությունը իր ստեղծման օրվանից կողմնակից է եղել կառավարման նախագահական համակարգի, և մենք այդ առումով տարբերվում ենք, թե՛ գործող իշխանությունից և թե՛ խորհրդարանական ընդդիմությունից: Մենք ամբողջական նախագահական համակարգի կողմնակից ենք: Ինչո՞ւ ենք համարում, որ դա ավելի աշխատող է մեր երկրի համար: Մենք ապրել ենք կիսանախագահական համակարգում և տեսել ենք դրա թերությունները:
Ըստ Արամ Սարգսյանի՝ խորհրդարանականը ևս կոնֆլիկտներ ստեղծող համակարգ է և այն արդյունավետ է միայն այն երկրներում, որոնք պետական կառավարման լուրջ ավանդույթներ ունեն:
Արամ Սարգսյան - Խորհրդարանական համակարգում խորհրդարան գնացող պատգամավորներն են որոշում, թե ով պիտի լինի երկրի ղեկավարը, իսկ մեր ժողովուրդը ընտրություններում ուզում է ընտրել առաջնորդին, հետևաբար ինքը ընտրում է թիմին, որը պիտի գնա ընտրի առաջնորդին: Հետևաբար խորհրդարանը օրենսդիր մարմնից վեր է ածվում ընտրող մարմնի:
Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանն էլ կարծում է, որ մեր Սահմանադրությունը՝ իր բոլոր փոփոխված տարբերակներով, եղել է ընդամենը քաղաքական փաստաթուղթ՝ առանց օրենքի գերակայության:
Մասիս Մելքոնյան («Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ) - Իսկ եթե չկա օրենքի և իրավունքի գերակայություն, ապա ցանկացած քաղաքական փոփոխություն առաջին հերթին բերելու է Սահմանադրության փոփոխության, իսկ դա չի կարող ապահովել երկրի, պետության և հասարակության կայուն զարգացում:
Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունները մարտի 1-ի հետ համեմատելու ընդդիմության հայտարարություններին՝ հիշեցրեց՝ 2008-ին իշխանությունը սահմանից տանկեր էր բերել քաղաք:
Արամ Սարգսյան - Պռոշյան գնալը, հենց էդ կառավարության անդամների կեցավայր գնալը ակնհայտ պրովոկացիա է, ինչը անթույլատրելի է, ինչը չի կարելի, և որևէ քաղաքական ուժ այսուհետ նման բան չպետք է անի: Խնդիրներ ունեք քաղաքական դեմքերի հետ, գնացեք լուծեք, գնացեք լուծեք կառավարության շենքում, գնացեք լուծեք նախագահականում, գնացեք Ազգային ժողովը շրջափակեք, ամիսներով, տարիներով բաց մի թողեք, էդ ձեր խնդիրն է, բայց մարդու կեցավայր գնալը էդ անթույլատրելի է, ակնհայտ պրովոկացիա է:
Սարգսյանը վստահ է՝ ընդդիմությունը հասկանալով, որ անհրաժեշտ քանակի մարդ չի կարողացել փողոց դուրս բերել, փորձում է այս դաշտ տեղափոխել պայքարը, ըստ նրա, սա ևս խորհրդարանական համակարգի բացերից է, և սահմանադրական փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի լուծել նաև այս հարցը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան