Տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ռեժիմը հենվելու է Հայաստանի տարածքի ինքնիշխանության հարգման վրա. որևէ երկիմաստություն չի կարող լինել:
Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանական կողմի՝ կոմունիկացիաների հարցում պայմանավորվածությունների կամայականորեն ու շարունակաբար միջանցքային տրամաբանությամբ մեկնաբանելու վարքագծի վերաբերյալ «Լուրերի» հարցին:
«Ինչպես գիտեք, երկաթուղային երթուղին համաձայնեցված է, այժմ ավարտվում է ավտոմոբիլային երթուղու համաձայնեցումը, ինչպես նաև նախատեսվող ռեժիմի համաձայնությունը: Այն կլինի պարզեցված և կհենվի Հայաստանի տարածքի ինքնիշխանության հարգման վրա. որևէ երկիմաստություն չի կարող լինել»,- ընդգծեց Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը դրական գնահատեց հունիսի 3-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքային խմբի նիստը:
Անդրադառնալով նաև Արցախում անվտանգային իրավիճակին՝ Լավրովը նշեц, որ այն տեղում ռուս զինվորականների հիմնական առաջնահերթություններից մեկն է՝ հավելելով, որ լարվածության թուլացման տեսանկյունից որոշակի դրական արդյունքներ կան: