Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու 2022 թ. հունվարի 18-ին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն՝ 300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Սա վերաբերում է, մասնավորապես, գույքի օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներին, որոնց գինը գերազանցում է 300 հազար դրամը կամ օրինակ՝ 500 հազար դրամը, եթե դրանք այնպիսի գործարքներ են, որոնց արդյունքում գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են գրանցման:
Դրանք են, օրինակ՝ անշարժ գույքի առուվաճառքը կամ ֆիզիկական անձանց միջև փոխառությունները՝ 300 հազար դրամը գերազանցելու դեպքում և այլն: Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ:
«Այս կարգավորումները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ապահովել, որ նմանատիպ գործարքներն իրականում կատարվեն անկանխիկ եղանակով»,- ասել է փոխնախարարը՝ պարզաբանելով, որ քննարկվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ այն դեպքում, երբ չեն պահպանվել նշված օրենքի պահանջները, տվյալ գործարքը կհամարվի առ ոչինչ և անվավեր:
Այս դեպքում ցանկացած շահագրգիռ անձ տասը տարվա ընթացքում կարող է դիմել դատարան և պահանջել կիրառել այդ գործարքի առ ոչինչ լինելու հետևանքները: Եթե դատարանը որոշի, որ գործարքն առ ոչինչ է, ապա գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր կլինի մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ եթե դա անհնար է, ապա փոխհատուցել ստացած արժեքը դրամով:
Նշված կարգավորումը գործելու է նաև այն դեպքերում, երբ գործարքը մասնատվում է, և վճարումը մաս-մաս է կատարվում՝ օրենքի պահանջներից խուսափելու նպատակով: Այս դեպքում նույնպես գործարքն առ ոչինչ կհամարվի:
Տնտեսվարող սուբյեկտները պետք է պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունումը՝ բացառությամբ կրպակների: Վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների (օրինակ՝ էլեկտրոնային դրամապանակների) միջոցով անկանխիկ վճարման ընդունումը կկատարվի տնտեսվարող սուբյեկտների ցանկությամբ:
Նախագծին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Հարակից զեկուցող Նարեկ Գրիգորյանի խոսքով՝ նախագծի ընդունմամբ կավելանան պետական բյուջեի մուտքերը, քանի որ կկրճատվի ստվերային շրջանառությունը: