Հունիսի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ 2021 թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի» դրույթների իրականացմանն ուղղված հանդիպում։
Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ֆրանսիականը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։
Ողջունելով ֆրանսիական պատվիրակությանը՝ Պարույր Հովհանիսյանն ամփոփեց 2021 թ. դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստից ի վեր ճանապարհային քարտեզի դրույթների իրագործմանն ուղղված երկկողմ աշխատանքները։
Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև այն ուղղություններին, որոնցում արձանագրվել է առաջընթաց, և ցանկություն հայտնեց առաջիկայում շոշափելի արդյունքներ արձանագրելու կապակցությամբ։
Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության և արդյունավետ հանդիպման կազմակերպմանն օժանդակելու համար, ինչը թույլ կտա ճանապարհային քարտեզի առաջնային ուղղությունների շուրջ հստակ քննարկումներ ունենալ։
Քննարկումների ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզում» ներառված ոլորտային համագործակցության վերաբերյալ, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, ջրամբարաշինության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտներում ծրագրերի իրականացման շուրջ։
Անդրադարձ կատարվեց հունիսի 29-30-ը Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի հետ կապված հարցերին։ Կողմերն ընդգծեցին հայկական և ֆրանսիական տարածքային ինքնակառավարման մարմիններն իրենց ներդրումն ունենան տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը՝ ճանապարհային քարտեզին համահունչ։
Կողմերը պայմանավորվեցին «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի» դրույթների իրականացմանն ուղղված հաջորդ հանդիպումը կազմակերպել 2022 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։