Պետական ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի իրականացման ընթացքը վերահսկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները, նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով եղել են Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։
Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում կառուցվող բնակելի թաղամասում արդեն իրականացվում են ջերմամեկուսացման և արտաքին պատերի երեսպատման, որոշ տներում՝ տանիքների կառուցման և ներքին հարդարման աշխատանքներ։ Տեղում կատարված մեծածավալ աշխատանքների հետ արձանագրվել են նաև որոշ թերացումներ և ապրանքների մատակարարման ուշացումներ։
Կոմիտեի պատվիրակությունը հետևել է նաև Վաղատին համայնքում դպրոցի նոր շենքի կառուցմանը: Այնտեղ ընթանում են բետոնացման, հենապատի կառուցման աշխատանքներ, որի նախագծային լուծումների վերաբերյալ մասնագետների կողմից տրվել են համապատասխան ցուցումներ:
Այցի շրջանակում հաջորդ կանգառը Դարբաս գյուղում էր, որտեղ կառուցվում է նոր դպրոց։ Արդեն կանգուն է մի քանի հենապատ, և ընթանում են հիմնակմախքի բետոնացման ու միջնապատերի կառուցման աշխատանքներ: Միևնույն ժամանակ, կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության մասնագետներն արձանագրել են տեխնոլոգիական հաջորդականության շեղումներ։
Տեղում արձանագրվել է, որ օբյեկտներում բավարար քանակությամբ աշխատուժ ներգրավված չի եղել, որը և հանգեցրել է պայմանագրի ժամանակացույցի շեղումների։ Կապալառու կազմակերպություններին կոմիտեի ղեկավարը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել թերությունները շտկելու և աշխատանքը պատշաճ որակով ավարտին հասցնելու համար։
Աշխատանքային շրջայցով կոմիտեի պատվիրակությունը եղել է նաև Վայոց ձորի մարզում։ Մարզպետի, մարզպետարանի աշխատակիցների, կապալառու ընկերության տնօրենների և տեխնիկական հսկողություն իրականացնող մասնագետների ուղեկցությամբ նրանք դիտարկել են Եղեգիս համայնքի դպրոցի կառուցման և Շատին համայնքի դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքների ընթացքը։
Եղեգիսի դպրոցում իրականացվում են մարզադահլիճի հիմնակմախքի կառուցման և որոշ հատվածներում՝ ներքին հարդարման աշխատանքներ։ Ուսումնասիրելով նախկինում արձանագրված թերությունները՝ կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և մարզպետ Արարատ Գրիգորյանը որոշեցին կազմել մասնագիտական խումբ՝ առկա խնդիրներն առավել մանրամասն ուսումնասիրելու և դրանց շտկման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։ Իսկ Շատինում ժամանակավորապես դադարեցվել է շինարարությունը՝ գոյություն ունեցող շենքի կոնստրուկցիաների վիճակի ուսումնասիրության նպատակով: Արդյունքում որոշվել է ամբողջությամբ քանդել շինության ետնամասի կրող պատը և կառուցել նորը։
Կոմիտեի խումբը ծանոթացել է նաև Չիվայի դպրոցի կառուցման աշխատանքներին, որտեղ ևս արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, ինչի վերաբերյալ կապալառու կազմակերպությունը գրավոր տեղեկացվել է։ Շինարարական աշխատանքները դադարեցվել են մինչև թերությունների ամբողջական շտկումը: