Տարեցների համար համայնքային փոքր տներ կկառուցվեն. պետությունը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության նոր ծառայություն է ստեղծում: «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ԱԺ համապատասխան հանձնաժողովում ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը: Նա վստահ է, որ համայնքային փոքր տները նպաստելու են խնամքի հաստատությունների ու ծախսերի արդյունավետության մեծացմանը:
Աննա Ժամակոչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Սահմանվում են նաև լիազորող նորմեր կացարանով ապահովման ճկուն քաղաքականության իրականացման համար, ինչպես նաև աջակցության քարտի տրամադրման վերաբերյալ, որի միջոցով կապահովեն սննդի, հագուստի և առաջին անհրաժեշտության այլ գույքի տրամադրումը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց:
Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի ու սոցիալական այլ ծառայությունների տրամադրման հնարավորությունն էլ է սահմանվում նախագծով:
Աննա Ժամակոչյան - Սոցիալական միկջավայրը կառուցել այնպես, որ 24-ժամյա խնամքն ապահովվի, որը պետությունը վերցնում է իր վրա, որպեսզի մարդիկ արժանապատիվ կյանքով ապրեն՝ անկախ իրենց խնդիրներից՝ հոգեկան առողջության կամ այլ:
Այս պահին էլ համայնքային փոքր տների կառուցման աշխատանքներն ընթանում են՝ ասաց փոխնախարարը: Փոքր տան շահառուներ կարող են լինել կացարան չունեցող այն տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ունակ են ինքնուրույն տեղաշարժվել և կենցաղային աշխատանք կատարել:
Աննա Ժամակոչյան - Անօթևաններին կացարան տրամադրելը հիմա էլ գործում է, պարզապես օրենքում փոփոխություն են իրականացնում, և Կառավարությանը լիազորում ենք ժամկետեր սահմանել, փոփոխել ժամկետները, որովհեև գործող օրենքով՝ կացարանում բնակվելու լիազորություն 90 օր է սահմանված, որ ազատի կացարանը, իսկ մենք պրակտիկայում գիտենք, որ անհրաժեստ է սոցիալական երկարատև աշխատանք:
Փոխնախարարը հիշեցրեց, որ ներկայումս տարեցներին տրամադրվող սոցիալական ծառայությունները հիմնականում տեղակայված են Երևանում, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, իսկ մնացած մարզերում ընդհանրապես չկան տարեցներին որևէ ծառայություն մատուցող կազմակերպություններ: Աննա Ժամակոչյանը շեշտեց՝ Կառավարության այս ծրագրի նպատակը ամբողջ հանրապետությունում տարեցների համար արժանապատիվ պայմանների ստեղծումն է:
Հեղինակ՝ Անի Օհանյան