ԿԱՅԱՑԵԼ Է ՊՈՒՏԻՆ-ՌԱՅԻՍԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
ՌԴ նախագահը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ. կողմերը բարձր են գնահատել ռուս-իրանական հարաբերությունների մակարդակը, պայմանավորվել ամրապնդել գործակցությունը առևտրատնտեսական ոլորտում: Ընդգծվել է իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու, ինչպես նաև տարածաշրջանում կայունություն հաստատելու անհրաժեշտությունը:
Պուտինը ցավակցություն է հայտնել այսօր առավոտյան Իրանում տեղի ունեցած երկաթուղային վթարի կապակցությամբ: Հարավային Խորասան նահանգում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով մահացել է 20-ից ավելի մարդ, ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 80 մարդ:
ՌԴ-Ն ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԶՈՀԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ
Ուկրաինայի վերաինտեգրման նախարարությունից հայտնել են, որ Զապորոժիեի շրջանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի է ունեցել զոհված զինվորականների մարմինների փոխանակում՝ «50-ը 50-ի դիմաց» բանաձևով։
«50-ից 37-ը Ազովստալի պաշտպանների մարմիններն են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ՝ մի շարք լրատվամիջոցներ էլ տեղեկացրել էին, որ ռուսական զորքերի կողմից գերեվարված՝ «Ազովստալ» գործարանի ավելի քան հազար ուկրաինացի զինծառայող տեղափոխվել է Ռուսաստան՝ հետախուզական գործողություններ իրականացնելու համար։
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Ուկրաինայում ռազմական և հումանիտար իրավիճակին, համոզմունք հայտնել՝ պետք է անել հնարավորը ուկրաինական հացահատիկը ծովային ճանապարհով արտահանելու համար: Կողմերը քննարկել են նաև Կիևին հետագա աջակցության հնարավորությունը:
Չնայած ուկրաինական կողմից Բեռլինի հասցեին հնչող մեղադրանքներին՝ կանցլերը նշել է, որ իր երկիրը Կիևի հիմնական աջակիցներից մեկն է և հրետանային ժամանակակից համակարգեր է տրամադրում Ուկրաինային:
Ավելի վաղ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, ռազմական գործողությունների մեկնարկից հետո առաջին անգամ, լրագրողների հետ զրուցել է աշխարհում վերջին զարգացումների մասին, նշել, որ իրեն մեղավոր չի համարում Ուկրաինայում իրավիճակի համար։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ հնարավոր չի եղել ստեղծել անվտանգության այնպիսի համակարգ, որը կարող էր կանխել պատերազմը:
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը քննադատել է Մերկելին` իր կառավարման 16 տարվա ընթացքում Մոսկվայի նկատմամբ զիջողական քաղաքականությունն արդարացնելու համար։
ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԲԱՆԱԿՑԵԼ. ԴՈՆՖՐԻԴ
Մոտ ապագայում դիվանագիտական ճանապարհով ուկրաինական հակամարտությունը լուծելու հնարավորություն Վաշինգտոնը չի տեսնում. նման կարծիք է հայտնել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականը: Կարեն Դոնֆրիդի խոսքով՝ Մոսկվան չի ցանկանում բանակցել:
Նա նաև վստահություն է հայտնել, որ Շվեդիան և Ֆինլանդիան կկարողանան պատասխանել սկանդինավյան երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում Թուրքիայի իշխանությունների մտահոգություններին, որոնք պահանջում են ահաբեկչական ճանաչել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և վերացնել Անկարային զինամթերքի մատակարարման էմբարգոն: