ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի, Կոտայքի և Արմավիրի մարզային քննչական վարչություններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
***
2022 թ. հունիսի 6-ին` ժամը 11:45-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 137.7 կմ հատվածում միմյանց են բախվել Վրաստանի Հանրապետության քաղաքացու վարած Toyota և Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի բնակչի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են ճանապարհատրասպորտային դեպքի վայրի և ավտոմեքենաների զննություններ, հարցաքննվել է Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:
***
2022 թ. հունիսի 7-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 26,8 կմ հատվածի՝ դեպի Երևան տանող ուղեմասում BMW X5 4.4I մակնիշի ավտոմեքենան բախվել է FORD TRANSIT 2,0 TD մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել արգելապատնեշին և ընկել 300 մետր խորությամբ ձորը, որի հետևանքով վարորդը մահացել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ BMW X5 4.4I մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան վարել է՝ չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, համապատասխան սարքի միջոցով ստուգվել է BMW X5 4.4I մակնիշի ավտոմեքենայի վարորդի սթափության աստիճանը. համաձայն զննության արդյունքի՝ նրա մոտ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,9828 միլիգրամ, որը, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն, համարվում է ոչ սթափ վիճակ: Հավելենք, որ վերջինս չի լքել ավտոպատահարի վայրը, դեպքի մասին անձամբ ահազանգել է ոստիկանություն և շտապօգնություն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն:
BMW X5 4.4I-ի վարորդը հարցաքննվել է՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով վերջինիցս վերցվել են արյան փորձանմուշներ, նշանակվել է դատատոկսիկաքիմիական փորձաքննություն: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է գրավը:
***
2022 թ. հունիսի 7-ին՝ ժամը 02:15-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 1988 թ. ծնված կին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերջինս մարմնական վնասվածքները ստացել է 2022 թ. հունիսի 7-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14.5 կմ հատվածում Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաների միմյանց բախվելու հետևանքով, ինչի պատճառով վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, հարցաքնվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկակական փորձաքննություններ, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տրանսպորտային միջոցներում՝ դեպքի պահին եղած անձանց հագուստները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: