Չինաստանի Դանդուն քաղաքի իշխանությունները բնակիչներին խնդրել են փակել պատուհանները՝ կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար՝ գրում է Bloomberg-ը։
Քաղաքի իշխանությունները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է 2,19 միլիոն բնակչություն ունեցող Դանդունում ամեն օր ավելանում հիվանդների թիվը, երբ պահպանվում են բոլոր նախազգուշական միջոցները: Քաղաքի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում վարակվածների մեծամասնությունը չի լքել բնակելի տարածքները առնվազն չորս օր՝ նախքան ախտորոշումը: Չկարողանալով պարզել վարակի փոխանցման շղթան, բժիշկները եկել են այն եզրակացության, որ COVID-19-ով իրավիճակի սրման մեղավորն այս անգամ ԿԺԴՀ-ից փչող քամին է։
Իշխանությունները հորդորել են Հյուսիսային Կորեայի և Չինաստանի միջև հոսող Յալու գետի երկայնքով ապրող բնակիչներին փակել պատուհանները այն օրերին, երբ քամին հարավից է փչում։
Հյուսիսային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսի զանգվածային բռնկում և բժիշկները կարծում են, որ Հյուսիսային Կորեայում և Չինաստանում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճը կարող է նոր շտամների առաջացման պատճառ դառնալ։