Ուկրաինական ճգնաժամի սրումը ԵՄ-ի համար հղի է անվտանգության ոլորտում սեփական ինքնավարության կորստով և ԱՄՆ-ից լիակատար կախվածությամբ: Այդ մասին գրում է Rebelión իսպանական հրատարակությունը։
Պարբերականը նշում է, որ երկար ժամանակ Ռուսաստանից եկած էներգակիրները եվրոպացիների կյանքի անբաժանելի մասն էին։ Դրանցից հրաժարվելը կհանգեցնի այնպիսի հետևանքների, որ Եվրոպան դեռ մոտ 10 տարի ստիպված կլինի պայքարել ճգնաժամային երևույթների, այդ թվում՝ գնաճի դեմ։
Վերլուծաբանների կարծիքով՝ եվրոպացիները կատարեցին Վաշինգտոնի մի շարք պահանջներ՝ կիրառելով տնտեսական և ֆինանսական շրջափակում, որպեսզի ավելի թուլացնեն Ռուսաստանը, բայց դա արդյունք չտվեց։
Մինչդեռ Եվրոպան օրեցօր ավելի ու ավելի է տուժում, իսկ ԵՄ ներսում նոր տարաձայնություններ են հասունանում։
Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել եվրոպական երկրների վրա և պահանջել, որ նրանք չհամաձայնեն ռուսական պայմաններին։ Իսկ ամերիկյան թանկ հեղուկ գազի ձեռքբերումը ոչ միայն կմեծացնի Եվրոպայի կախվածությունն Ամերիկայից, այլև կհարվածի սովորական սպառողներին ու եվրոպական մի շարք ընկերությունների, որոնց արտադրանքը կկորցնի մրցունակությունը։
Նշվում է, որ արդեն այսօր էներգակիրների դեֆիցիտը բազմաթիվ ապրանքների թանկացման պատճառ է դարձել Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Ավստրիայում։