Պատուհանից այս կողմ լսվում է նորածին Մարիամի ձայնը՝ 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Բաբայանի քույրն է:
Ծնվել է հունիսի 5-ին, բայց ընտանիքում արդեն փոխել է շատ բան՝ բժիշկներն են նկատում:
Ինգա Ավանեսյան («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ծննդատան ավագ մանկաբարձ-գինեկոլոգ) - Բոլորի աչքերը փայլում են, կյանքը շարունակվում է:
Ժամկետային զինծառայող Գևորգը գլխից վիրավորվել էր 2020-ի հոկտեմբերի 5-ին, 7 վիրահատություն էր տարել, 80 օր պայքարել կյանքի համար: 44- և 47-ամյա ամուսիններին արտամարմնային բեղմնավորմամբ նոր կյանք տալու որոշումը դժվար է տրվել:
Լուսինե Ենգոյան (44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Բաբայանի մայրը) - Իմացել էինք պետության աջակցության մասին, ու որոշեցինք դիմել պտղաբերության կենտրոն, ու հենց առաջին փորձից ստացվեց:
4-րդ անգամ մայրացած տիկին Լուսինեի համար այս հղիությունը հեշտերից չէր:
Ինգա Ավանեսյան - Հղիության ընթացքում մինչև 7-շաբաթականը երկու անգամ հոսպիտալացվել էր քովիդով, ունեինք թոքաբորբ, շատ պատասխանատու էր:
Ախտորոշումը՝ բարդացած մանկաբարձական և գինեկոլոգիական անամեզ: Սակայն ՍԳԼ ծննդատանը կեսարյան հատումով վաղաժամ ծնված փոքրիկի ու մայրիկի մոտ ամեն ինչ կարգին է:
Ինգա Ավանեսյան - Առողջական խնդիրներ չունենք բացարձակապես:
Ծնողների երազանքը կրկին որդի ունենալն էր, բայց ծնվեց երրորդ դուստրը: Սառեցրած դեռ մեկ ձվաբջիջ էլ ունեն:
Դեռ հաստատ չեն որոշել, բայց որ որդեկորույս ծնողներին Մարիամի ծնունդը և՛ սփոփում է, և՛ օգնում ապրել, դա արդեն հասկացել են ու խորհուրդ են տալիս մյուսներին:
Լուսինե Ենգոյան - Նույն խորհրդով ես եմ շարժվել: Որ ասում էին, ասում էի՝ ոնց են մտածում, նույնիսկ զգում էի, որ ինձ նեղացնում են, բայց օրեր ապրելով զգում ես, որ ինչ-որ բան է պետք, որ առաջ նայես, առաջ գնաս, կարողանանք ապրել: