Այս տարի լրանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակը։ Մեր երկիրը միացել է կազմակերպությանը 1992թ. հունիսի 9-ին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն է նպաստել խաղաղության մշակույթի կառուցմանը, աղքատության վերացմանը, կայուն զարգացմանը և միջմշակութային երկխոսությանը՝ կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության միջոցով:
Այս հոբելյանը նշելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում կազմակերպվել էր հատուկ համերգ, որին հրավիրված էին բազմաթիվ հայ և ֆրանսիացի հյուրեր։ Կազմակերպված միջոցառման նպատակն էր հայկական մշակույթի հանրահռչակումը և հայ-ֆրանսիական մշակութային կապերի խթանումը:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Փարիզում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և փոխնախարար Արա Խզմալյանը։
Այցի ընթացքում նախարարը և փոխնախարարը հանդիպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի գծով տեղակալ Էռնեստո Օտտոյի հետ և արձանագրել՝ Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, հավատարիմ է կազմակերպության մանդատին՝ առաջ մղելու համամարդկային արժեքները՝ խրախուսելով խաղաղության մշակույթը և ամրապնդելով հանդուրժողականությունն ու համերաշխությունը:
Հանդիպման ընթացքում նախարար Վահրամ Դումանյանն Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առկա համագործակցության համատեքստում անդրադարձել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցին:
Վահրամ Դումանյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Մեր հանդիպման ժամանակ մենք բարձրացրել ենք այն ժառանգության հարցը, որը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, որը լավագույնս համապատասխանում է այս խնդրի լուծմանը, որպեսզի մենք կարողանանք փրկել մեր ժառանգությունը, քանի որ այն վտանգի տակ է և վանդալիզմի մեջ է։ Այս հարցերը մենք քննարկել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամների հետ։ Կարող եմ ասել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները նույնպես անհանգստացած են, և նրանք ակտիվորեն անում են այն, ինչ իրենցից կախված է, որպեսզի հարցը շուտափույթ լուծվի, և քաղաքակրթությունը գերակշռի տգիտությանը։
Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված համերգի շրջանակում ելույթ ունեցան հայտնի ֆրանսահայ արտիստներ Պատրիկ Ֆիորին, Անդրե Մանուկյանը, ինչպես նաև Հայաստանից ժամանած երաժիշտներ՝ Արթուր Գրիգորյանը, Արմեն Փուչինյանը, Անի Մելիքյանը։
Կոմպոզիտոր Անդրե Մանուկյանը մի քանի շաբաթ առաջ Հայաստանում էր՝ մասնակցելու ջազ փառատոնին: Նա, իր խոսքով, այնտեղ գտավ մշակույթ, կենսունակություն և իմաստություն, որն այլ տեղ չի տեսել։ Արվեստագետի համար հայկական երաժշտության հայտնագործությունը փոխել է նաև հայացքները մասնագիտության նկատմամբ:
Անդրե Մանուկյան (երաժիշտ) - Մշակույթի միջոցով վերանում է սահմանների բաժանումը։ Երբ նվագում ենք հայկական երաժշտություն, յուրաքանչյուրիս մեջ տեղավորվում է սեփական Հայաստանը։ Բոլորը հասկանում են Հայաստանի երաժշտությունն ու հնչյունները: Ես սիրում եմ իմ համերգների ժամանակ բացատրել, թե ինչով է տարբերվում հայկական և արևմտյան երաժշտությունը։ Երբ ինձ խնդրեցին ստեղծել սփյուռքի մասին պատմող վավերագրական ֆիլմի երաժշտությունը, ես գանձեր հայտնաբերեցի: Հայաստանի և հայկական երաժշտության շնորհիվ է, որ ես վերադարձա դաշնամուրին, և այն կրկին դարձավ իմ երգիչը՝ շնորհիվ իմ նախնիների ժառանգության։
Հայազգի երգիչ Պատրիկ Ֆիորիի համար նման միջոցառումների շնորհիվ հայկական մշակույթը շարունակում է գոյություն ունենալ Հայաստանի սահմաններից դուրս: Նա համոզված է՝ աշխարհասփյուռ հայության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունների օգնությամբ Հայաստանին կհաջողվի ապաքինել վերքերը:
Պատրիկ Ֆիորի (երգիչ) - Հայերն արժանապատիվ, հարգված ու հարգալից են, և մենք ունենք ծաղկող սերունդ։ Վերջերս Հայաստանում էի և տեսա, որ նույնիսկ ուժեղ լինելով՝ հնարավոր չէ ոչնչացնել Հայաստանը և հայերին։ Կա մի ուժ, որը բխում է այս ժողովրդից, աննկարագրելի է և որն այլ տեղ չեմ գտել: Միգուցե իմ արյունն ու իմ գեներն են խոսում, բայց մինչև կյանքիս վերջ կշարունակեմ ներդրում ունենալ Հայաստանում:
Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կամրապնդվի: Կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի խոսքով՝ ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում նոր միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։ 2023 թվականին Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին և ՀՀ ազգային կինոկենտրոնի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ են նախատեսվում, որոնք ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում:
Հեղինակներ` Դավիթ Մուրադյան, Մանե Ալեքսանյան