Հայաստանի բուհերում 50-ից ավելի երկրից ավելի քան 7600 ուսանող է սովորում: Ոմանց մեր երկիր է բերում բուհի կրթական մակարդակը, ոմանց էլ` Հայաստանի պատմությունը: Օտարերկրացի դիմորդները հիմնականում նախընտրում են Երևանի պետական բժշկական համալսարանը:
Երևանի պետական բժշկական համալսարանի 1800 օտարերկրացի ուսանողներից մեկը Իման Պրերան է` Շրի Լանկայից: 2 տարի առաջ է ընդունվել, դեռ 4 տարի էլ սովորելու է:
Իման Պրերա (ԵՊԲՀ ուսանող) - Իմ հայրն էլ է բժիշկ, և ես որոշել եմ նրա ճանապարհը շարունակել: Շրի Լանկայի բժշկական խորհուրդը որպես պետական համալսարան ընդունում է միայն ԵՊԲՀ-ն: Թե՛ որակապես, թե՛ գնային ճկունությամբ ամենահարմարը հենց այս բուհն է: Ապրում եմ Զեյթունի հանրակացարանում, սենյակում 2-ով ենք, երկուսս էլ՝ Շրի Լանկայից:
Օտարերկրացի ուսանողների թվով առաջատարը հենց բժշկական համալսարանն է. այստեղ գալիս են Եգիպտոսից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Իրաքից, Իրանից, Հնդկաստանից: 35 երկրից ուսանող ունեն: Վերջին տարիներին՝ ամեն հաջորդ տարի, ավելի շատ օտարերկրացիներ են նախընտրում Հայաստանի բուհերը:
Արկադի Պապոյան (ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ) - Շուրջ 7600 օտարերկրյա ուսանող ունենք, որից 3600-ը այլազգիներ են, 3900-ը` ազգությամբ հայեր:
Ուսանողների աշխարհագրությունը 50 երկրից ավելի է: Նախարարության կայքից, բուհերի էջերից, արդեն Հայաստանում սովորած ուսանողներից են հիմնականում տեղեկություն ստանում: Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետը նշում է՝ խնդիր են դրել միջազգայնացման շնորհիվ բարձրացնել կրթության վարկանիշային հեղինակությունը:
Արկադի Պապոյան - Օրինակ՝ եթե խոսում ենք հայտնի Շանհայի ռեյտինգի մասին, մենք չկանք, բայց հույս ունենք, որ կլինի լավագույնը և տեղ կզբաղեցնի այդ համակարգում:
Սփյուռքահայերի համար պետությունը կրթաթոշակային տեղեր է տրամադրելու:
Արկադի Պապոյան - Կարող են լավագույն առաջադիմությամբ դիմորդները սովորել անվճար` պետության հաշվին:
Նշում է՝ բժշկական մասնագիտությամբ դիմորդները առաջինն են, բայց քիչ չեն նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավագիտություն, կենսաքիմիա, լեզվագիտություն նախընտրողները:
Օտարազգի ուսանողների թվով հաջորդը Երևանի պետական համալսարանն է: Ֆընգ Յանգմինգը Մայր բուհի ուսանողներից է.
Ֆընգ Յանգմինգ (ԵՊՀ ուսանող) - Ամենաշատը Համո Սահյան եմ կարդում, չնայած թեզս Սիլվա Կապուտիկյան է: Հայերենը, ասում են, ամենաբարդն է, հետո՝ չինարենը, իմ բախտը բերել է` 2-ն էլ գիտեմ: Չինաստանից եմ, արդեն այստեղ եմ 2 տարի, բանասիրականում եմ սովորում:
Ավելացնում է՝ բախտը մի քիչ չի բերել. 2 տարվա ընթացքում մի քանի անգամ է լսարանային դասեր ունեցել՝ կորոնավիրուսի պատճառով:
Ֆընգ Յանգմինգ - Ես շատ կուզեի լսարանում նստել, դասախոսի հետ շփվել, ընկերների հետ շփվել:
«Ինչու հենց Հայաստան» հարցին պատասխանում է՝ շատերն են զարմանում: Դեռ դպրոցական տարիներին մեր երկրի անունը՝ Հայաստան, իրեն հետաքրքրել է, հետո քարտեզի վրա է փնտրել:
Ֆընգ Յանգմինգ - Փնտրել եմ քարտեզի վրա, դժվար էր, քանի որ մեծ չէր, բայց պատմականը մեծ է, ուսումնասիրել եմ պատմությունը, Տիգրան Մեծի մասին:
Այս տարի ավարտում է, բայց դիմում է գրել՝ 1 տարի ավելի սովորելու:
Ֆընգ Յանգմինգ - Ես ապրում եմ Համալսարանի հանրակացարանում, նոր է կառուցված, պայմանները լավն են:
Պարսիկ ընկերները, հնդիկ, Չինաստանից 2 լավ ընկերներն ապրում են էնտեղ:
Սովորելուն զուգահեռ` չինարենի դասեր է տվել մարզերի մի քանի դպրոցում: Ոչ միայն կարդալ, այլև հայերեն գրել է սիրում, ժպտում է՝ հայերեն տառերը հետաքրքիր են ու տարբերվող: Վերջում խոստանում է.
«Հայաստանի մասին ուրիշներին կպատմեմ ու էստեղի պատմությունը կպատմեմ իրենց»:
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը այս ուստարվա համար սկսվում է հունիսի 15-ից:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան