Հանդիպմանը ներկա էին էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը, Ռաֆայել Գևորգյանը, Արման Խոջոյանը, Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտություն, սպորտի և մշակյութի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Շրջակա միջավայրի նախարարությունների պաշտոնատար անձինք, շահագրգիռ կառույցների այլ ներկայացուցիչներ, ծրագրի փորձագետներ։
Վահան Քերոբյանը ողջունել է աշխատանքային խմբի անդամներին և փորձագետներին և, կարևորելլով ՄԱԱԶԿ հետ համագործակցությունը՝ նշել է․ «2021 թվականի նոյեմբերի 16-ին ստորագրված ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության՝ Հայաստանում 2022-2026թթ․ համար ներառական և կայուն արդյունաբերական զարգացման ծրագիրը Հայաստանի կառավարության և ՄԱԱԶԿ կողմից համատեղ մշակված ռազմավարական շրջանակային փաստաթուղթ է, որը նախատեսված է պլանավորելու և իրականացնելու զարգացման գործողությունները՝ կառավարության մակարդակով։ Այն կոչված է աջակցելու Հայաստանին և համահունչ է ՀՀ կառավարության ծրագրով, ինչպես նաև սեկտորալ ռազմավարություններով և ծրագրերով ամրագրված դրույթներին»։
ՄԱԱԶԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային բաժնի ղեկավար Յացեկ Ցուկրովսկին նույնպես ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ հանդիպումը կնպաստի երկու կողմերի միջև երկխոսության ամրապնդմանը, ինչպես նաև արդյունավետ ու երկարաժամկետ գործընկերության ձևավորմանը։
Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ Կառավարության հետ համագործակցության բոլոր հնարավոր ոլորտները, ծրագրի ընթացիկ և առաջիկա աշխատանքները։
Հանդիպման ընթացքում ներկայացվնել են նաև ծրագրի կարճաժամկետ և երկարաժամկետ գերակայությունները, 2022 թվականի աշխատանքային պլանը։
Քննարկման ընթացքում տարբեր գերատեսչությունների կողմից ներկայացված առաջնահերթությունների շարքում էին կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը, աշխատաշուկայի կարիքների ուսումնասիրությունը, գործազրկության կանխարգելումը, մարդկային կապիտալի զարգացումը, բիզնեսում կանանց ակտիվության զարգացումը, կայուն զբաղվածության ապահովումը, ինչպես նաև կանաչ և շրջանաձև տնտեսության խթանման և ռեսուրսների արդյունավետ կառավարումը` ներառյալ թափոնների և ջրերի արդյունավետ ու էկոլոգիապես մաքուր կառավարումը:
Հանդիպման ավարտին մասնակիցները հաստատել են փաստաթղթի ամբողջական իրականացման իրենց հանձնառությունը և պատրաստակամություն հայտնել գործընթացում ներգրավել ամբողջ հնարավոր ներուժը։