«Անկանխիկ գործառնությունների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է 2022 թ. հունվարի 18-ին և ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: Սակայն ի հայտ են եկել որոշակի օրենսդրական բացեր, որոնք լրացնելուն է միտված ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի արտահերթ նիստում:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի՝ օրենքով մի շարք գործարքների դիմաց վճարումը պետք է իրականացվի անկանխիկ ձևով: Խոսքը վերաբերում է գույքի օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքներին, որոնց գինը գերազանցում է 300 հազար դրամը, կամ օրինակ՝ 500 հազար դրամը գերազանցող այնպիսի գործարքներին, որոնց արդյունքում գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են գրանցման, օրինակ՝ անշարժ գույքի առք ու վաճառքը կամ ֆիզիկական անձանց միջև մինչև 300 հազար դրամը գերազանցող փոխառությունները: Այս կարգավորումներն առավել լավ կյանքի կոչելու համար անհրաժեշտ է, որ նմանատիպ գործարքներն իրականում կատարվեն անկանխիկ եղանակով, և այն չկրի ձևական բնույթ:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ այն դեպքում, երբ չեն պահպանվել նշված օրենքի պահանջները, դա կհանգեցնի գործարքի առոչնչության, ինչը նշանակում է, որ գործարքը կհամարվի անվավեր: Երանուհի Թումանյանցի խոսքով՝ այս պարագայում ցանկացած շահագրգիռ անձ կարող է տասը տարվա ընթացքում դիմել դատարան և պահանջել կիրառել այդ գործարքի առոչինչ լինելու հետևանքները: Եթե դատարանը որոշի, որ գործարքն առոչինչ է, ապա գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ եթե դա անհնար է, ապա փոխհատուցել ստացված արժեքը դրամով:
Նշված կարգավորումը գործելու է նաև այն դեպքերում, երբ օրենքի պահանջներից խուսափելու և դրանք չկատարելու նպատակով գործարքը կատարվել է մասնատվածգ այս դեպքում նույնպես գործարքը կհամարվի առոչինչ:
Հստակեցվել են նաև վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունման պահանջները: Տնտեսվարող սուբյեկտները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում՝ բացառությամբ կրպակների: Վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների (օրինակ՝ էլեկտրոնային դրամապանակների) միջոցով անկանխիկ վճարման ընդունումը կկատարվի տնտեսվարող սուբյեկտների ցանկությամբ:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: