Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնում նախորդ տարեվերջին ընտրվելուց հետո Կլեր Բազի-Մալորին պաշտոնական այցով առաջին անգամ է Հայաստանում: Այցը Սահմանադրական դատարանի նախագահի հրավերով է: Առաջին հանդիպումն ու առանձնազրույցը՝ հենց Արման Դիլանյանի հետ:
Պատվիրակությունների ընդլայնված կազմով զրույցին հաջորդում է օրվա գլխավոր միջոցառումը: Եվրոպայի խորհրդի առաջատար փորձագետները, բարձրաստիճան պաշտոնյաները, դատական համակարգի ներկայացուցիչներն ու գիտնականները հրավիրված են մասնակցելու «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» բարձր մակարդակի խորհրդաժողովին:
Արման Դիլանյան (ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ) - Խորհրդաժողովը իրական հնարավորություն է ստեղծում անկեղծ քննարկումների, գնահատականների, կարծիքների փոխանակումների ու առաջարկությունների միջոցով իրավունքի գերակայության հայեցակարգն ավելի հասանելի, ներառական ու ընկալելի դարձնելու մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, իրավական պետության, ժողովրդավարական արժեքներով շահագրգիռ բոլոր գործընկերների համար:
Եվրոպական միությունը մեծ չափով կարևորում է ժողովրդավարական կառավարման համակարգի բարեփոխումները Հայաստանում և աջակցում է դրանց,- ընդգծում է Հայաստանում ԵՄ դեսպանը:
Անդրեա Վիկտորին (ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան) - Մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ Հայաստանը վերջին տարիներին գործադրել է՝ ամրապնդելու համար ժողովրդավարական գործընթացները երկրում: Եվ կարևոր է նաև, որ քաղաքական մարմինները հանձնառու են՝ շարունակելու սահմանադրական բարեփոխումները, որոնք նախատեսված են դատաիրավական բարեփոխումների 2019-23 թվականների ռազմավարությամբ:
Անդրեա Վիկտորինը, անդրադառնալով Երևանում ընթացող բողոքի ակցիաներին, նշում է՝ Հայաստանի առջև բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած, սակայն իշխանությունը պատրաստակամ է շարունակել ընթանալ բարեփոխումների ուղով:
Անդրեա Վիկտորին - Կողմերին մեկ ուղերձ ենք փոխանցում՝ նվազեցնել լարվածությունը: Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը ձեռնպահ մնան ատելության խոսքից, սադրանքներից և դատապարտեն ցանկացած բռնություն:
Հայաստանում «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողով անցկացնելու գաղափարի համահեղինակը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարն է: Մարտինա Շմիդտը վերահաստատում է՝ դատական համակարգն իսկապես ժողովրդավարության երաշխավորն է և պահապանը:
Մարտինա Շմիդտ (Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար) - Ժողովրդավարական արժեքները, որոնք ամրագրված են սահմանադրությամբ, Հայաստանում ժողովրդավարական համակարգի ուղորդող սկզբունքներն են: Սկզբունքներ, որոնք ոչ միայն կարևոր պարամետրեր են գործադիրի և օրենսդիրի համար, այլև բոլոր սուբյեկտների համար, որոնք գործում են արդարադատության համակարգում:
Եվրոպայի խորհուրդը տարբեր նախագծերով ակտիվորեն աջակցել է Հայաստանին՝ դատական համակարգի բարեփոխման գործընթացում, Հայաստանն էլ տարիների ընթացքում ցույց է տվել, որ պատրաստ է երկրի օրենքներն ու պրակտիկան համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին՝ ընդգծում է Ֆրեդերիկ Դոլտը:
Ֆրեդերիկ Դոլտ (ԵԽ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների ներդրման վարչության տնօրեն) - Մենք պատրաստ ենք շարունակել աջակցությունը՝ Եվրոպայի խորհրդի հանձնառությունը կա, դուք կարող եք վստահ լինել: Մենք հավատարիմ ենք մնում մեր առաքելությանը:
Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահը նախ ներկայացնում է իր ղեկավարած կառույցի գործունեության հիմնական նպատակները, ապա՝ դատական համակարգի վերաբերյալ իր դիրքորոշումը: Խոսքի ավարտին շեշտում՝ Հայաստանը գնահատվում է որպես պետություն, որը բաց է միջազգային գործակցության համար:
Կլեր Բազի-Մալորի (Վենետիկի հանձնաժողովի նախագահ) - Վենետիկի հանձնաժողովը շարունակելու է եռանդուն աշխատել իրավունքի գերիշխանությանը համապատասխանող քաղաքական և իրակավան մշակույթ կերտելու ուղղությամբ: Մշակույթ, որն անհրաժեշտ է, որպեսզի ժողովրդավարական պատշաճ կառուցվածք ապահովվի:
Խորհրդաժողովի բացման ելույթներին հաջորդեցին դատական իշխանության անկախության և դրա հանդեպ հանրային վստահության ամրապնդման վերաբերյալ պանելային քննարկումները:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան