Կարի ֆաբրիկա․ խորհրդային տարիներին Դիլիջանի հայտնի արտադրական ձեռնարկությունից հիմա միայն անունն է մնացել, վաղուց դադարել է գործել, բայց հենց այս անունով էլ կիսավեր շինությունը երկրորդ կյանք կստանա համայնքի համար նոր և աննախադեպ ծավալուն՝ «Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագրի օգնությամբ: Հավակնոտ նախագիծը կյանքի կկոչվի Եվրամիության ֆինանսավորմամբ, Դիլիջանի համայնքապետարանի և աջակից կազմակերպությունների գործակցությամբ:
Դավիթ Սարգսյան (Դիլիջան համայնքի ղեկավար) - Նախաձեռնությունը ոչ միայն Դիլիջանի համար է կարևոր, այլև մարզի տնտեսության, տուրիզմի, ընդհանրապես ձեռներեցության զարգացման:
Ըստ Դիլիջանի համայնքապետարանում ներկայացված պիլոտային ծրագրի՝ 5500 ք․ մ զբաղեցնող շենքը իր հարակից տարածքով ամբողջովին կվերափոխվի բազմաֆունկցիոնալ կառույցի՝ հանգստի և կանաչ գոտիներով:
Անդրեա Վիկտորին (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան) - Եվրոպայի համար սա դասական օրինակ է, երբ հին շենքերը վերափոխում ենք նորարար մոտեցմամբ: Մեր նպատակն է ներգրավել տեղի բիզնեսները, քաղաքացիների համար նոր հնարավորություններ ստեղծել և, ընդհանրապես, համայնքում կյանքը ավելի ակտիվ և գրավիչ դարձնել:
Առաջին փուլով նախատեսվում է ֆաբրիկայի ամբողջական վերակառուցում: Հաճելին և օգտակարը մեկտեղելու լավ հնարավորություն է սպասում փոքր ու միջին ձեռներեցներին:
Հայկ Մկրտչյան (նախագծի համակարգող) - Ծրագրի շրջանակում նաև ստեղծվելու է փոքր ու միջին ձեռնարկությունների ակտիվացմանն ուղղված ինկուբատոր, որը կօգնի բոլոր բիզնես-գաղափարները կյանքի կոչել և աքսելերատորի միջոցով արագացնել դրա բիզնես-ընթացքը՝ դուրս գալով նաև տեղական շուկա:
Այն իր շղթայական ազդեցությունը կունենա ոչ միայն խոշորացված համայնքում, այլև՝ մարզում:
Համանման ծրագրեր են իրականացվում նաև Իջևանում և Կապանում: Դիլիջանյան նախագիծը պատրաստ կլինի 2024-ին: