2020-ի պատերազմից հետո Արցախում բարձրարժեք գյուղատնտեսությունն այլընտրանք չունի՝ համոզված է տարիներ շարունակ հացահատիկ մշակած Զորիկ Ղազարյանը: Հողային ռեսուրսի արդյունավետ օգտագործմամբ ներդրումային ծրագրով Արցախում հիմնվել է 49 հեկտար ժամանակակից ինտենսիվ այգի:
Զորիկ Ղազարյան (այգիների պատասխանատու) - Այն նպատակն ենք հետապնդել, որ մանավանդ հետպատերազմյան շրջանում, որ մենք պետք է Արցախի ողջ տարածքում յուրաքանչյուր մեկ միավոր հողակտորի պոտենցիալը կարողանանք օգտագործել մաքսիմալ ռացիոնալ կերպով:
Ներդրողն արցախցի գործարար և բարերար Արման Հակոբջանյանն է: Ներդրումային ծրագրի բյուջեն մոտ 4,5 միլիոն դոլար է: Աստղաշենի տարածքում մշակում են արքայանարինջ, իսկ Իվանյանի այգում՝ 3 տեսակի սերկևիլ: Բերքատվության հարցում վստահ են՝ ասում է ներդրողի ներկայացուցիչը:
Մհեր Մակյան (ներդրողի ներկայացուցիչ) - Կարկտապաշտպան ցանցով, կաթիլային ոռոգման համակարգով, բարձր բերքատվությամբ տնկիներով և հետևողական խնամքով:
Ծառատունկից առաջ մասնագետներն ուսումնասիրել են հողն ու կլիման: Շինարարության ակտիվ փուլում մինչև 70 հոգի է աշխատել այգիներում: Ծառատունկից հետո Վրեժ Հարությունյանը հիմնական աշխատանք ունի:
Վրեժ Հարությունյան (ոռոգման համակարգի պատասխանատու) - Սկզբից կատարում էինք նախապատրաստական աշխատանքներ, հիմա արդեն դաշտը մաքրում ենք, քարերը հեռացնում ենք դաշտի: Ես այս դաշտի կաթիլային համակարգի պատասխանատուն եմ:
Երրորդ տարում տնկիները կսկսեն բերք տալ: Ամեն ծառից 80 և ավելի կիլոգրամ միրգ են ակնկալում ստանալ: Որքան շատ բերք, այնքան շատ աշխատատեղ:
Զորիկ Ղազարյան - Կարող են այս այգիներում՝ երկու այգում միասին, աշխատել մինչև 150 նույնիսկ բերքահավաքի սեզոնային փուլերում կարող են աշխատել 200-250 աշխատող: Մշտական՝ կլինի 100-150-ի կարգի:
Մհեր Մակյանի խոսքով՝ տնտեսական ծրագիրը նաև հոգեբանական նշանակություն ունի արցախցիների համար:
Մհեր Մակյան - Վստահ ենք, որ տեսնելով այս ամենը՝ յուրաքանչյուր արցախցու մեջ արթնանում է հույս և հավատ ապագայի հանդեպ:
Նորատունկ այգիներից ստացված բերքի իրացումն ու վերամշակումը ներդրողը նախատեսում է առաջին հերթին Արցախում և Հայաստանում: