ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Վճռաբեկ դատարանի և ՍԴ-ի դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները հենց այս օրենքով են կարգավորվում:
«Խիստ կարևոր է, որպեսզի Վճռաբեկ դատարանի և ՍԴ-ի դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքներն ապահովվեն, և նրանց պաշտոնին, կարգավիճակին ու պատասխանատվությանը համարժեք վարձատրություն նախատեսվի»,- ասաց Թումանյանցը:
Նախագծով առաջարկվում է վերանայել նրանց վարձատրությունը:
«Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով»,- ասաց փոխնախարարը:
Մյուս կողմից, որպեսզի նախագծի ընդունման արդյունքում Սահմանադրական դատարանի դատավորների կենսաթոշակի չափը զգալիորեն չտարբերվի մյուս ատյանների դատավորների կենսաթոշակի չափից, նախատեսվում է հետևյալը. եթե դատավորի համար սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա կենսաթոշակի հաշվարկի մեջ այն ընդգրկում է հավելավճարի գումարի միայն 30 տոկոսը, ոչ ավելին: