Վանաձորի ամենագեղեցիկ ու նորարարական կառույցներից մեկն է՝ Վանաձորի բժշկական կենտրոնը: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Լոռու մարզ իր այցը սկսեց հենց այս բժշկական կենտրոնից:
Այստեղ նորաբաց ֆիզիոթերապիայի բաժանմունք է գործում՝ փետրվարից, որը վերազինվել է Ազնավուր հիմնադրամի կողմից՝ հագեցած նորագույն սարքավորումներով: Ծառայելու է որպես վերականգնողական կենտրոն՝ բուժման անհրաժեշտություն ունեցող քաղաքացիների և, իհարկե, պատերազմի մասնակիցների համար:
Նույն շենքում նաև Վանաձորի ծննդատունն է: 3 օրում հանրապետության երրորդ ամենամեծ քաղաքում 23 երեխա է ծնվել՝ 7 աղջիկ, 16 տղա: Վարչապետի տիկինը բաց չթողեց ոչ մի սենյակ, շփվեց մայրերի, ծանոթացավ նորածինների հետ:
Մայրերի հետ ջերմ շփումից հետո վարչապետի տիկինը ուղևորվեց Վանաձորի մեկ այլ հայտնի վայր՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարան: Մեծանուն գրողը կյանքի վերջին տարիներն է անցկացրել այս տանը: Վարպետի աշխատասենյակն ու ննջասենյակը պահպանվել են նույն կերպ՝ առանց որևէ միջամտության: Թանգարանը հաճախ հանդիպումներ են կազմակերպում մշակույթի նշանավոր գործիչների մասնակցությամբ, գրքի շնորհանդեսներ իրականացնում: Երկրորդ հարկում արդեն մեծ բեմն է և նորարար լուծումներով օժտված Մարտիոս Սարյանի ձեռքի աշխատանքը՝ Զորյանի դիմանկարը: Իսկ թե ինչպես է այն ստեղծվել՝ պատմում է հենց գրողը:
Աննա Հակոբյանը գրառում թողեց հուշամատյանում, ինչին հաջորդեց համատեղ լուսանկարն ու մեկնումը Վանաձորի մեկ այլ մշակութային կենտրոն՝ Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղ: Այստեղ գործում են նկարչության, ապլիկացիայի, ասեղնագործության, բատիկայի, կարպետագործության խմբեր, իսկ սաները 6-18 տարեկան երեխաներն են, որոնց թիվը տարեկան 300-ի է հասնում:
Կենտրոնի տնօրենը հատ-հատ ներկայացրեց վանաձորցի երեխաների ստեղծագործությունները: Վերջում այցելեցին կարպետագործության դասարան: Տեղում երեխաները գորգ են գործում՝ փոքր ինքնաշենից մինչև պրոֆեսիոնալ տորքերի վրա, որտեղ սպասում էր հերթական պատրաստի գորգը՝ հանդիսավոր կտրման արարողությանը, որին հաճույքով մասնակցեց նաև վարչապետի տիկինը:
Հաջորդ կանգառը Գուգարաց թեմի առաջնորդարանն էր, որտեղ Աննա Հակոբյանը մոմ վառեց Սուրբ Սարգիս եկեղեցում, առանձնազրույց ունեցավ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Եպիսկոպոս Հակոբյանի հետ, ծանոթացավ թեմի սոցիալական ծրագրերին: Այստեղ գործում է «Տուն» սոցիալ-կրթական կենտրոնը, հաճախում է 55 երեխա՝ մասնավորապես հակամարտությունից տուժած ընտանիքների երեխաներ, սովորում են նկարչություն, կարպետագործություն: Կենտրոնում նաև ծնողների վերամասնագիտացման ծրագիր ունեն, մատուցում են նաև հոգեբանական աջակցություն:
Աննա Հակոբյանը հյուրընկալվեց նաև Սաբինա խնամքի տանը, որտեղ փոքրիկ Հովհաննեսը վարչապետի տիկնոջը ներկայացրեց՝ ինչով են իրենք զբաղվում:
2018 թվականին է ստեղծվել Սաբինա խնամքի տունը, որտեղ բնակվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ: Այստեղ առավելագույնը 10 երեխա է ապրում, ֆինանսավորում է Ավստրայի «Կարիտաս» կազմակերպությունը: Նպատակը փոքր տուն ստեղծելն էր, որտեղ երեխաներին կտան այն ամենը, ինչ ընտանիքում: Ինչպես աշխատակիցներն են ասում՝ սա մի մեծ ընտանիք է, որտեղ 10 երեխա կա, բայց մայրերն են շատ:
Քանի որ Լոռու մարզում մանկատուն չկա, այստեղ շատ են խնամատար ընտանիքները: Հայ աջակցության ֆոնդի միջոցով 33 երեխա հայտնվել է 23 խնամատար ընտանիքներում: Քույր-եղբայրներին իրարից չեն բաժանում, գտնում են այնպիսի ընտանիք, որը կխնամի բոլորին: Այդպիսի մի ընտանիք՝ Աղաջանյանների տուն էր հյուր գնացել Աննա Հակոբյանը:
Աննա Հակոբյանին փոքրիկ Լուսինեն իր պատրաստած խմորեղենը հյուրասիրեց, շփվեցին ու պայմանավորվեցին՝ այս տարի Լուսինեն, Ավետն ու Արթուրը ճամբարում կհանգստանան:
Լոռու մարզ այցի առաջին օրը Աննա Հակոբյանն ավարտեց 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Կարեն Ավետյանի տանը: Կարենին 3 ամիս էր մնացել զորացրվելու, սպորտով էր զբաղվում, տան միակ զավակն էր: Մայրը՝ տիկին Կարինեն որդու սենյակն է ցույց տալիս, մեդալները, ծառայությունից հուշ մնացած իրերը:
Մարզային այցի 2-րդ օրը վարչապետի տիկինը այցելեց Դսեղ, ծաղիկներ խոնարհեց հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի արձանի մոտ, ծանոթացավ գյուղում գործող՝ Բնության այցելուների կենտրոնի աշխատանքին ու այնտեղ պահվող թռչուններին: Նույն գյուղի միջնակարգ դպրոցում Աննա Հակոբյանին ներկայացրին հատապտուղների ինտենսիվ այգին, գորգագործության ու կավագործության խմբերի պարապմունքները: Աննա Հակոբյանն այցելեց նաև Դեբեդ գյուղ, որտեղ ներկայացրին COAF-ի միջոցներով կառուցված համայնքապետարանի նորոգված շենքը, խելացի կանգառը, նոր կառուցվող դպրոցն ու մանկապարտեզը: Իսկ մինչ կկառուցեն դպրոցը, համայնքի երեխաները COAF սմարթ կենտրոնում են հաճախում դասերին: Աննա Հակոբյանը այստեղ եղավ նաև, պատմեցին թե որքան կարևոր է նման կենտրոնի առկայությունը գյուղում, որտեղ ավելի քան 2000 այցելու սովորում է նորագույն տեխնոլոգիաներ: Լոռու մարզ այցը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ավարտեց Հաղպատի վանական համալիր այցելությամբ: