ԱՆԿԱՐԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ
Եվրոպական խորհրդարանը նախօրեին ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը, որում բարձր է գնահատել Թուրքիայի և Հայաստանի՝ երկկողմ շփումներ սկսելու որոշումը և կոչ արել Անկարային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը, ինչպես նաև ակտիվացնել ջանքերը Թուրքիայում հայերի և այլ փոքրամասնությունների ծանր վիճակի արդյունավետ կարգավորման ուղղությամբ: Եվրոպական խորհրդարանը մտահոգություն է հայտնել, որ վերջին տարիների Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հակասում է Եվրոպական միության գերակայություններին, այդ թվում՝ Կովկասի հարցում: Կառույցը Եվրամիությանը և անդամ պետություններին հորդորել է ուսումնասիրել «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու հնարավորությունը:
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի զեկույցին․ «Անկարան չի ընդունում այդ զեկույցում տեղ գտած կանխակալ և մակերեսային գնահատականները։ Եվրախորհրդարանն անտեսում է Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ամրապնդման ակնհայտ անհրաժեշտությունը։ Մեզ չի զարմացնում կառույցի դիրքորոշումը, որը հանդուրժում է ահաբեկչական կազմակերպությունների անդամներին»,- մանրամասնել են նախարարությունում` հավելելով Եվրախորհրդարանը կորցրել է վստահությունը թուրք հասարակության աչքում։
ՀԱՊԿ-Ը ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾՈՆ. ԼԱՎՐՈՎ
ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրոատլանտյան տարածքում հավասարակշռություն ապահովող գործոն՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ը կշարունակի զարգանալ, ինչը, սակայն, ոչ բոլորին է դուր գալիս, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրներին։
«Վստահ եմ՝ կառույցի շրջանակում մեր քննարկումները և տարածաշրջանում անվտանգություն հաստատելու նախաձեռնությունները կհաջողեն․ իսկ ՀԱՊԿ-ի հեղինակությունն ու ձայնը ավելի նշանակալից կդառնան»,- նշել է դիվանագետը։
ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է. ԱՔԱՐ
ՌԴ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակցի՝ Հուլուսի Աքարի հետ։ Կողմերը քննարկել են Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ երկրի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունների ֆոնին։
«Թուրքիան համարժեք պատասխան կտա իրավիճակն ապակայունացնող գործողություններին։ Ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում անընդունելի է»,- հայտարարել է Աքարը։
Թուրք պաշտոնյան հայտնել է Անկարայի պատրաստակամությունը՝ ապահովել Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման անվտանգությունը:
«Հացահատիկային միջանցքի» ստեղծման հարցն այսօր Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի նաև ՌԴ արտգործնախարարը․ Անկարայում արդեն մեկնարկել է Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։
Ուկրաինական կողմն էլ հայտնել է, որ կհամաձայնի վերսկսել գյուղմթերքի ծովային փոխադրումները, միայն այն դեպքում, երբ ծովից եկող սպառնալիքներից պաշտպանվելու համար համապատասխան սպառազինություն ստանա։
ԿԻԵՎԸ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԳԱԶԻ ԵՎ ԱԾԽԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Պատերազմի պատճառով Ուկրաինան պետք է հաղթահարի երկրի անկախության տարիների ամենադժվար ձմեռը։ «Այդ իսկ պատճառով Կիևը կդադարեցնի գազի և ածխի արտահանումը․ դրանք կօգտագործենք մեր քաղաքացիների ներքին կարիքները հոգալու համար»,- նշել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի ֆոնին միջազգային հանրությունը շարունակում է օգնել Ուկրաինային։ Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը Կիևին շուրջ 1,5 մլրդ դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին որոշում է կայացրել։ Սա 4 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մի մասն է, որը ուկրաինական իշխանություններին կօգնի վճարել քաղծառայողների և սոցիալական աշխատողների աշխատավարձերը։
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը մտադիր է ստեղծել խորհրդատվական մարմին, որը կզբաղվի «ապառուսականացման, ապակոմունիզացիայի և ապագաղութացման» հարցերով՝ ասված է կառույցի հայտարարության մեջ։ Խորհուրդը կզբաղվի խորհրդային հուշարձանների և այլ օբյեկտների ապամոնտաժմամբ կամ տեղափոխմամբ։
«Ուկրաինայում Ռուսաստանի սկսած ռազմական գործողությունների պատճառով զգալիորեն մեծացել է խորհրդային և ռուսական ժառանգությունը ուկրաինականով փոխարինելու պահանջը»,- պարզաբանել են նախարարությունում։